15:58  ,  23 օգոստոսի, 2023

Արտաշես Ներսիսյան․ Հայաստանի թիմը 5 մասնակից կունենա ԱԱ-ում, կպայքարեն օլիմպիական վարկանիշերի համար

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը 5 մասնակից կունենա աշխարհի առաջնությունում: Այս առաջնությունը շատ կարեւոր է մեզ համար: Աղջիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշների համար: Օլիմպիական վարկանիշների համար կպայքարի նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Կանանց հավաքականն այս շրջանում Աբովյանի մարզաբազայում վերջին ուսումնամարզական հավաքն է անցնում աշխարհի առաջնությունից առաջ:

«Աշխարհի առաջնությանը կմասնակցենք 5 ծանրորդով՝ 55 կգ քաշային կարգում Ալեքսանրդրա Գրիգորյան եւ Իզաբելա Յայլյան, 81 կգ քաշային կարգ՝ Լիանա Գյուրջյան, 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան:

Մի քանի փուլերով հավաքներ ենք ունեցել Աբովյանի մարզաբազայում, այժմ էլ վերջինն ենք անցնում եւ սեպտեմբերի 2-ին թիմի հետ կմեկնենք Սաուդյան Արաբիա: Վնասվածներ չկան, աղջիկները լավ մարզավիճակում են: Մարտական ենք տրամադրված:

Ինչպես Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունը, այնպես էլ աշխարհի առաջնությունը վարկանիշային են Փարիզ-2024-ի համար: Այս մրցումները շատ կարեւոր են այն ծանրորդների համար, որոնք պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար: Եթե աշխարհի առաջնությանը չմասնակցեն, իրավունք չեն ունենա մյուս վարկանիշային մրցաշարերին մասնակցել: Այս առումով Օլիմպիական խաղերի թեկնածուները բոլորը պետք է մասնակցեն:

Կանանց օլիմպիական քաշային կարգերն են 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ եւ +81 կգ:

Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը կպայքարեն 59 կգ քաշային կարգի համար, 81 կգ-ում Լիանա Գյուրջյանն ու Տաթեւ Հակոբյանն են պայքարելու: Այս աշխարհի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը կմասնակցի 87 կգ քաշային կարգում, որը որեւէ միավոր չի տալիս օլիմպիական 81 կգ քաշի համար: Քանի որ սա պարտադիր մրցաշար է, այս անգամ կմասնակցի 87 քաշում: Հետագայում կփորձի միավորներ վաստակել օլիմպիական քաշի համար:

Հռիփսիմե Խուրշուդյանը կփորձի ուժերը 81+ կգ քաշային կարգի համար: Եթե 87 կգ քաշային կարգում մինչեւ վարկանիշային մրցաշարերի ավարտը համապատասխան միավորներ հավաքեց, 81+ քաշային կարգում ձեռք կբերի ուղեգիր եւ կմասնակցի Օլիմպիական խաղերին»,- ասաց Արտաշեց Ներսիսյանը:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով