15:58 23 օգոստոսի, 2023Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը 5 մասնակից կունենա աշխարհի առաջնությունում: Այս առաջնությունը շատ կարեւոր է մեզ համար: Աղջիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշների համար: Օլիմպիական վարկանիշների համար կպայքարի նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Կանանց հավաքականն այս շրջանում Աբովյանի մարզաբազայում վերջին ուսումնամարզական հավաքն է անցնում աշխարհի առաջնությունից առաջ:
«Աշխարհի առաջնությանը կմասնակցենք 5 ծանրորդով՝ 55 կգ քաշային կարգում Ալեքսանրդրա Գրիգորյան եւ Իզաբելա Յայլյան, 81 կգ քաշային կարգ՝ Լիանա Գյուրջյան, 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան:
Մի քանի փուլերով հավաքներ ենք ունեցել Աբովյանի մարզաբազայում, այժմ էլ վերջինն ենք անցնում եւ սեպտեմբերի 2-ին թիմի հետ կմեկնենք Սաուդյան Արաբիա: Վնասվածներ չկան, աղջիկները լավ մարզավիճակում են: Մարտական ենք տրամադրված:
Ինչպես Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունը, այնպես էլ աշխարհի առաջնությունը վարկանիշային են Փարիզ-2024-ի համար: Այս մրցումները շատ կարեւոր են այն ծանրորդների համար, որոնք պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար: Եթե աշխարհի առաջնությանը չմասնակցեն, իրավունք չեն ունենա մյուս վարկանիշային մրցաշարերին մասնակցել: Այս առումով Օլիմպիական խաղերի թեկնածուները բոլորը պետք է մասնակցեն:
Կանանց օլիմպիական քաշային կարգերն են 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ եւ +81 կգ:
Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը կպայքարեն 59 կգ քաշային կարգի համար, 81 կգ-ում Լիանա Գյուրջյանն ու Տաթեւ Հակոբյանն են պայքարելու: Այս աշխարհի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը կմասնակցի 87 կգ քաշային կարգում, որը որեւէ միավոր չի տալիս օլիմպիական 81 կգ քաշի համար: Քանի որ սա պարտադիր մրցաշար է, այս անգամ կմասնակցի 87 քաշում: Հետագայում կփորձի միավորներ վաստակել օլիմպիական քաշի համար:
Հռիփսիմե Խուրշուդյանը կփորձի ուժերը 81+ կգ քաշային կարգի համար: Եթե 87 կգ քաշային կարգում մինչեւ վարկանիշային մրցաշարերի ավարտը համապատասխան միավորներ հավաքեց, 81+ քաշային կարգում ձեռք կբերի ուղեգիր եւ կմասնակցի Օլիմպիական խաղերին»,- ասաց Արտաշեց Ներսիսյանը:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.