Փարիզ-2024-ի առաջին վարկանիշային մրցաշարին՝ աշխարհի առաջնությանը կպատրաստվենք Ուզբեկստանի եւ Եգիպտոսի թիմերի հետ: Այս թիմերը հատուկ մեզ համար գալու են Վրաստան, որպեսզի այնտեղ համատեղ հավաք անցնենք, մարզվենք, հետեւեն մեր թիմի մարզումներին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հայաստանի հավաքականը սկսում է Փարիզ-2024-ի ուղեգրերի համար պայքարը: Առաջին ուղեգրերը խաղարկվելու են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունում, որտեղ Հայաստանը կունենա 5 մասնակից:
Պարոն Սերոբյան, առջեւում աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Ինչպե՞ս է թիմը տրամադրված:
Շատ բարդ է լինելու: Վարկանիշային է, շատ լուրջ է: Արթուր Դավթյանի համար է բարդ լինելու: Նա առաջնայինը ուղեգիր փորձելու է նվաճել բազմամարտում: Փորձելու ենք մի քանի տարբերակով: Գերխնդիրը օլիմպիական ուղեգիրն է: Աշխարհի առաջնությունում առանձին գործիքներում մեկական ուղեգիր է խաղարկվելու:
Ի՞նչ փուլերով եք պատրաստվելու:
Սեպտեմբերի 11-ին կմեկնենք Վրաստան, որտեղ համատեղ հավաք ենք անցնելու Ուզբեկստանի, Եգիպտոսի թիմերի հետ: Այս թիմերը հատուկ մեզ համար են գալիս Վրաստան: Այնտեղից կմեկնենք աշխարհի առաջնության:
Կազմը վերջնական որոշվա՞ծ է:
5 մասնակցով ենք մեկնելու՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: 5-ն էլ աշխարհի գավաթի փուլերով են վաստակել աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը:
Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը բազմամարտ են անելու, երեքը կպայքարեն առանձին գործիքներում․ Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում