17:15 11 օգոստոսի, 2023Փարիզ-2024-ի առաջին վարկանիշային մրցաշարին՝ աշխարհի առաջնությանը կպատրաստվենք Ուզբեկստանի եւ Եգիպտոսի թիմերի հետ: Այս թիմերը հատուկ մեզ համար գալու են Վրաստան, որպեսզի այնտեղ համատեղ հավաք անցնենք, մարզվենք, հետեւեն մեր թիմի մարզումներին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հայաստանի հավաքականը սկսում է Փարիզ-2024-ի ուղեգրերի համար պայքարը: Առաջին ուղեգրերը խաղարկվելու են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունում, որտեղ Հայաստանը կունենա 5 մասնակից:
Պարոն Սերոբյան, առջեւում աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Ինչպե՞ս է թիմը տրամադրված:
Շատ բարդ է լինելու: Վարկանիշային է, շատ լուրջ է: Արթուր Դավթյանի համար է բարդ լինելու: Նա առաջնայինը ուղեգիր փորձելու է նվաճել բազմամարտում: Փորձելու ենք մի քանի տարբերակով: Գերխնդիրը օլիմպիական ուղեգիրն է: Աշխարհի առաջնությունում առանձին գործիքներում մեկական ուղեգիր է խաղարկվելու:
Ի՞նչ փուլերով եք պատրաստվելու:
Սեպտեմբերի 11-ին կմեկնենք Վրաստան, որտեղ համատեղ հավաք ենք անցնելու Ուզբեկստանի, Եգիպտոսի թիմերի հետ: Այս թիմերը հատուկ մեզ համար են գալիս Վրաստան: Այնտեղից կմեկնենք աշխարհի առաջնության:
Կազմը վերջնական որոշվա՞ծ է:
5 մասնակցով ենք մեկնելու՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: 5-ն էլ աշխարհի գավաթի փուլերով են վաստակել աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը:
Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը բազմամարտ են անելու, երեքը կպայքարեն առանձին գործիքներում․ Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.