15:22  ,  5 նոյեմբերի, 2012

«Գովերլան» կարող է զրկվել Ուկրաինայի առաջնությունում խաղալու իրավունքից

Ուժգորոդի «Գովերլան» կարող է զրկվել ուկրաինական Պրեմյեր լիգայում մրցելույթները շարունակելու հնարավորությունից: «Գովերլայի» փոխնախագահ Ալեքսանդր Շուֆրիչը բաց նամակ է ուղարկել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՈւՖՖ) նախագահ Անատոլի Կոնկովին:

Ուժգորոդի թիմի փոխնախագահն իր դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի առաջնության 6 խաղերի վերաբերյալ: Ըստ Շուֆրիչի՝ այդ խաղերում մրցավարների սխալ որոշումները «Գովերլայի» համար ոչ դրական արդյունքի պատճառ են հանդիսացել:

Եթե ՈւՖՖ-ն մերժի դիմումը եւ հետաքննություն չսկսի այդ հանդիպումների վերաբերյալ, «Գովերլան» խաղադաշտ դուրս չի գա նոյեմբերի 9-ին կայանալիք «Վորսկլայի» հետ խաղում: Այդ դեպքում թիմը կարող է զրկվել Ուկրաինայի Պրեմյեր լիգայում խաղալու իրավունքից, հայտնում է «Сегодня»-ն:

Հիշեցնենք, որ «Գովերլայի» կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը եւ նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը: 14-րդ տուրից հետո Ուժգորոդի թիմը 9 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում