16:33  ,  14 հունիսի, 2023

Սեյրան Նիկողոսյան․ Եվրոպական խաղերից մեդալային ակնկալիքներ ունենք

Եվրոպական խաղերից մեդալային ակնկալիքներ ունենք: Կպայքարենք նաեւ Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Հայ հրաձիգներն այս շրջանում պատրաստվում են Եվրոպական խաղերին, որը տեղի կունենա Լեհաստանում հունիսի 21-ից օգոստոսի 3-ը: Հրաձիգների համար Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են Փարիզ-2024-ի համար:

«Եվրոպական խաղերում կունենանք երեք մասնակից: Օդամղիչ ատրճանակ մրցաձեւում կպայքարեն Էլմիրա Կարապետյանը եւ Բենիկ Խլղաթյան, ստենդային հրաձգությունում՝ Երջանիկ Ավետիսյանը: Մարզիկներին մրցավայր կուղեկցենք ես եւ Գոռ Բարսեղյանը:

Եվրոպական խաղերը մեզ համար եւս օլիմպիական վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Սպասելիքներով ենք մեկնում: Այստեղ թույլ պայքար չի լինելու: Եվրոպական խաղերին մասնակցում ենք վարկանիշներով, իսկ վարկանիշներ ձեռք բերած մարզիկը թույլ չի լինում: Եվրոպական խաղերի ուղեգրերը նվաճել ենք Եվրոպայի առաջնության եւ Եվրոպայի գավաթի փուլերի արդյունքներով: Բոլորն էլ ունեն մեդալային հնարավորություններ:

Օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Բենիկ Խլղաթյանը եւ Երջանիկ Ավետիսյանը, Էլմիրա Կարապետյանն արդեն նվաճել է իր ուղեգիրը:

Խաղերին պատրաստվել ենք Երեւանում: Արտագնա հավաքներ չարեցինք, քանի որ զենքեր երկրից դուրս տանելու-բերելու թույլտվության խնդիրներ կային: Որոշեցինք տեղում անել մարզումները: Ֆինանսական խնդիրներ չունենք, ամեն ինչով ապահոված ենք: Այս պահին մեր երեք մասնակիցներն էլ լավ մարզավիճակում են: Մեդալների ակնկալիքներ ունենք:

Հրաձգության մրցումները տեղի են ունենալու Լեհաստանի մեկ այլ քաղաքում՝ Վրոցլավում, իսկ մնացած մարզաձեւերն անցկացվելու են Կրակով քաղաքում:

Հունիսի 22-ին եւ 23-ին կանցկացվի ստենդային հրաձգության մրցումը, որին կմասնակցի Երջանիկ Ավետիսյանը, հունիսի 24-ին եւ 25-ին մրցասպարեզ դուրս կգան Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Հրաձգության Հայաստանի թիմը Լեհաստան կմեկնի հունիսի 19-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով