11:25  ,  4 հունիսի, 2023

Վաստակավոր մարզիչ Յուրի Ներսիսյան․ Շատ լավ վիճակում է մեր բռնցքամարտը, հրաշալի երիտասարդներ ունենք

Շատ լավ վիճակում է մեր բռնցքամարտը, հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք մեծ նվաճումների կհասնեն: Երեւանում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունը ցույց տվեց, որ հայկական բռնցքամարտը մեծ ապագա ունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին բռնցքամարտիկ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, «Հայաստան» մարզական միության բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ուսումնական մասի վարիչ Յուրի Ներսիսյանը:

Մայիսի 25-ին վաստակավոր մարզիչը նշեց ծննդյան 75-ամյակը: Յուրի Ներսիսյանը բռնցքամարտում է 60 տարի:

Պարոն Ներսիսյան, շնորհավորում եմ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Դուք Ձեր կյանքը նվիրել եք սպորտին, բռնցքամարտին: Ինչպե՞ս եք մուտք գործել բռնցքամարտ, ո՞ւմ խորհրդով:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Բռնցքամարտով զբաղվելու հետաքրքիր նախապատմություն եմ ունեցել: Փոքր ժամանակ քթի խնդիր ունեի: Պատանեկան տարիքում որոշվեց վիրահատություն անել: Այն ժամանակ լավ չէին անում այդ վիրահատությունները, կռճիկս ամբողջությամբ հեռացրին, ինչի արդյունքում քիթս նստեց: Դրանից հետո բոլորն ինձ սկսեցին անվանել «բաքսյոր», ասում էին՝ բռնցքամարտիկի եմ նմանվել այդ քթով: Այնքան ասացին, մի օր որոշեցի գնալ բռնցքամարտի: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Մեկ տարի անց մարզադպրոցի մրցում հաղթեցի եւ այդտեղից սկսվեց իմ ճանապարհը մեծ սպորտում, բռնցքամարտում:

Ո՞ր մարզադպրոցում եք արել առաջին քայլերը, ո՞վ է եղել Ձեր առաջին մարզիչը:

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Մարզիչս եղել է Վալտեր Աթանեսյանը: Հայրս չէր ընդունում իմ՝ բռնցքամարտով զբաղվելը, մայրս կողմ էր իմ ընտրությանը: 1967 թվականին Հայաստանի ուսանողական հավաքականի կազմում մեկնեցի Աստրախան՝ «Բուրեւեստնիկ» կամավոր մարզական ընկերության համամիութենական առաջնության: Վերադարձա մեդալով, թերթում իմ մասին հոդված տպագրեցին իմ լուսանկարով: Բերեցի, պարծենալով հայրիկիս ցույց տվեցի: Նայեց, բարկացավ, ասաց՝ «ինչպես թե, դու բռնցքամարտով ես զբաղվո՞ւմ, ինձ ասել էին, որ դու դպրոցով գնացել ես ինչ-որ տեղ: Այլեւս չտեսնեմ, որ դու բռնցքամարտի գնաս»: Ասացի, որ ինձ դուր է գալիս, հաջողություն էլ արդեն կա, ինչպես կարող եմ չհաճախել: Այդպես շարունակեցի մարզվել:  Սկզբում հանդես էի գալիս 48 կգ քաշային կարգում, հետագայում տեղափոխվեցի 51 կգ քաշային կարգ:

Ի՞նչ նվաճումներ եք ունեցել:

Մեծ արդյունքներ չեմ ունեցել, բայց շատ հաղթանակներ են եղել: Խորհրդային Միության Զինված ուժերի առաջնությունում երկու անգամ արծաթե մեդալակիր եմ դարձել: Երկու դեպքում էլ հաղթել եմ եզրափակիչում, բայց միտումնավոր հաղթանակն ինձ չեն տվել: Այդ ժամանակ ես ծառայում էի բանակում, ինձ առաջարկում էին տեղափոխվել ԲԿՄԱ, ես էլ չէի համաձայնվում: Սեւաստոպոլում անցկացված զինված ուժերի առաջնության եզրափակիչում հաղթանակս խլեցին ինձնից: Մենամարտից հետո հանդերձարանում լաց եղա: Զինված ուժերի գնդապետը եկավ ինձ մոտ, ասաց՝ դե ինչ, տեղախովո՞ւմ ես ԲԿՄԱ, ասացի՝ ոչ: Ասաց՝ դե ուրեմն քո մենամարտերը միշտ էլ այսպես կլինեն:

4 անգամ Հայաստանի չեմպիոն եմ եղել, երկու անգամ երիտասարդների առաջնությունում եմ հաղթել, «Բուրեւեստնիկի» մրցաշարում առաջինն եմ ճանաչվել եւ ստացել եմ սպորտի վարպետի կոչում:  1969 թվականին Խորհրդային Միության Սպարտակիադայում երրորդ տեղն եմ զբաղեցրել: Արդյունքներ ունեցել եմ, բայց ոչ այդքան մեծ:

Ե՞րբ հրաժեշտ տվեցիք մարզիկի կարիերային եւ ինչո՞ւ:

Բռնցքամարտում անարդարություններ կային, ես ինձ դժբախտ զգացի: 1973-ին համալրեցի Ենգիբարյանի մարզադպրոցի մարզիչների շարքը: 4 տարի անց առաջին մեծ հաջողությունս ունեցա որպես մարզիչ: Իմ սաներից Պարույր Վարդանյանը դարձավ Սովետական Միության պատանեկան առաջնության հաղթող: Հաջորդ տարի Պարույրի եղբայրը՝ Հովհաննես Վարդանյանը դարձավ նույն առաջնության բրոնզե մեդալակիր: Դրանից հետո ամեն տարի հաջողություն ենք ունեցել իմ սաների հետ: Իմ սաներից ուժեղ բռնցքամարտիկ էր Մանվել Քոչարյանը, որը, ի դեպ Համամիութենական ստուգատեսերից մեկում միավորների մեծ առավելություն գրանցեց օլիմպիական չեմպիոն ռուս Վասիլի Շիշովի նկատմամբ, բայց հաղթանակը տվեցին Շիշովին:  Շատ սաներ եմ ունեցել, լավ բռնցքամարտիկներ շատ ենք ունեցել:

Հայ անվանի բռնցքամարտիկներից ո՞ւմ հետ եք աշխատել:
1988-1992 թվականներն աշխատել եմ Սովետական Միության հավաքականում: Իմ անձնական սաներից աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ զբաղեցրած Ալեքսան Նալբանդյանը գլխավոր թիմի անդամ էր, հավաքականում էին նաեւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը եւ Եվրոպայի չեմպիոն Նշան Մունչյանը:

1991 թվականին պատրաստվում էինք մեկնել Ավստրալիա աշխարհի առաջնության: Ինձ ասել էին, որ թիմի հետ գնալու եմ, բայց խաբեցին ու չտարան, մարզչական կազմն  ամբողջությամբ ռուսներ էին: Այնպես դասավորեցին, որ ես չկարողացա մեկնել, բայց Հայաստանից աշխարհի առաջնության գնացին Իսրայել Հակոբկոխյանը եւ Ալեքսան Նալբանդյանը: Իսոն արծաթե մեդալակիր դարձավ, Ալիկը առաջին մենամարտում պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ, Ատլանտա-1996-ի օլիմպիական չեմպիոն Դանիել Պետրովին: Իրականում Ալիկը հաղթել էր Պետրովին, բայց հաղթանակը տվել էին բուլղարացուն:  Ալիկ Նալբանդյանը շատ լավ բռնցքամարտիկ էր: Միակն էր այս մարզաձեւում, որ նվաճեց Աթենք-2004-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այդ ժամանակ Ալիկն իմ աշակերտն էր եւ շատ կարեւոր էր, որ Օլիմպիական խաղերում ես լինեի նրա կողքին, բայց այս անգամ էլ ինձ չընդգրկեցին Հայաստանի պատվիրակության կազմ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Ռաֆայել Մեհրաբյանն էր: Դիմեցի Հայաստանի սպորտի ղեկավար Իշխան Զաքարյանին, որպեսզի կազմում ընդգրկեն նաեւ ինձ, Զաքարյանն ասաց, որ Մեհրաբյանը գնում է եւ երկրորդ մարզիչի կարիք չկա: Այդպես ես չգնացի, Ալիկ Նալբանդյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Աշխատել եմ նաեւ Նշան Մունչյան հետ: Նրա անձնական մարզիչը Արմեն Անտոնյանն էր, ես նրան ուղեկցել եմ մրցաշարերի: Նա այդ ժամանակ մարզվում էր «Հայաստան» մարզադպրոցում, այսինքն՝ այստեղ, ես՝ Ենգիբարյանի մարզադպրոցում էի դեռ: 

Մինչեւ 2005 թվականը աշխատեցի Ենգիբարյանի դպրոցում, հետո տեղափոխվեցի այս դպրոց: Նոր սերնդի բռնցքամարտիկներից իմ սաներից է եղել Եվրոպայի փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը, Հրայր Մաթեւոսյանը, որը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը:

Ե՞րբ եք ստացել վաստակավոր մարզիչի կոչումը:

Վաստակավորի կոչումը ստացել եմ 1989 թվականին: Ինձ հասնում էր դեռ 1979 թվականին, քանի որ Սովետական Միության մեծահասակների հավաքականում երկու մարզիկ ունեի՝ Վարդանյան եղբայրները: Այն ժամանակ այդպես էր: 1979 թվականին դիմեցի վաստակավոր մարզիչի կոչման համար, չտվեցին, ասացին դեռ երիտասարդ ես՝ 29 տարեկան: Մեկ օր անց ինձ ՀԿԿ կենտրոնական կոմիտեից կանչեցին: Այդ գիշեր չքնեցի, մտածում էի՝ ինչ խախտում եմ արել, որ կանչում են: Պարզվեց՝ իմացել են, որ դիմել եմ վաստակավորի կոչման համար եւ մերժվել, կանչել էին ասեին, որ կզանգեն եւ ինձ կտան իմ կոչումը: Ես հրաժարվեցի, ասացի՝ եթե զանգով պետք է տան, չեմ ուզում: Այդպես միայն 1989 թվականին ինձ կանչեցին եւ իմ սաների արդյունքներով տվեցին կոչումս:  Նաեւ ստացել եմ սպորտի եւ ֆիզկուլտուրայի պատվավոր աշխատողի կոչում, բայց սպորտի վաստակավոր աշխատողի կոչում չտվեցին: Դիմեցի, նախարարությունը մերժեցին:

Ի՞նչ կասեք հայկական բռնցքամարտի ներկայի մասին:

Շատ լավ վիճակում է մեր բռնցքամարտը: Հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք մեծ նվաճումների կհասնեն: Երեւանում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունը ցույց տվեց, որ հայկական բռնցքամարտը մեծ ապագա ունի: 13 մեդալ նվաճեցինք, ինչը փայլուն արդյունք է: Ունեինք նաեւ բռնցքամարտիկներ մեր մարզադպրոցից: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մեծ աշխատանք է կատարում: Ես լավատես եմ եւ մեծ ապագա եմ տեսնում հայկական բռնցքամարտում:

Եթե համեմատենք Ձեր տարիների բռնցքամարտը ներկայիս հետ...

Մեր ժամանակվա դպրոցն ավելի լավն էր: Այն ժամանակ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրն անհատ էր, ռինգում իր անհատական ոճն ուներ, իր նախասիրած հարվածը: Ես օրինակ՝ ցատկով ձախից հարված ունեի, դա իմ ոճն էր: Հիմա միայն տեմպն է, արագությունը, միջին տարածության վրա բռնցքամարտելը: Դասական ոչինչ չկա:

Չանդրադառնամ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին, չեմպիոններին չեն դատում: Հավաքականից կառանձնացնեմ Արթուր Բազեյանին: Շատ լավն է, դասական ոճ ունի, խելացի բռնցքամարտ է անումՌաֆայել Հովհաննիսյանը նույնպես հեռանկարային բռնցքամարտիկ է: Մեր մարզադպրոցի սանն է եղել, հետո տեղափոխվեց «Դինամո»:

Դուք մարզվել եւ աշխատել եք բռնցքամարտի միակ հայ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի գլխավորությամբ: Ի՞նչ հիշողություններ ունեք նրա հետ կապված:

Ես նրան առաջին անգամ տեսել եմ իր մարզադպրոցում 1964 թվականին: Մի օր եկավ իմ մարզումներին, հետեւեց ու ասաց՝ «այ տղա, կարգին բռնցքամարտիկ ես երեւում, բայց քաշ չունես, քաշ հավաքիր»: Որոշ ժամանակ մարզվելուց հետո դպրոցի առաջնությունում հաղթեցի ինձանից 4 տարի ավել մարզված տղայի: Այդպես Ենգիբարյանի դուրը եկա (ծիծաղում է): Նա երբեք մարզչություն չի արել: Միայն նկարահանումների ժամանակ էր հագուստը փոխում եւ դահլիճում մարզում անցկացնում: Նա ուրիշ էր ոչ միայն որպես բռնցքամարտիկ, նաեւ ղեկավար, մարզադպրոցի տնօրեն: Նրա օրոք ամեն ինչ այլ էր: Պահանջկոտ էր, չէր թողնում, որ որեւէ մարզիչ ազատ մնա, ազատ ժամանակ ունենա, որ հանկարծ իր մարզիչներն ուրիշ տեղ չաշխատեին:

Ըստ Ձեզ՝ ե՞րբ կունենանք Օլիմպիական չեմպիոն, ո՞վ կարող է նվաճել բաղձալի ոսկե մեդալը:

Ներկայիս մրցավարությամբ դժվար էլ ունենանք... Հովհաննես Բաչկովը կոտրել է սառույցը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Մեր հավաքականից մի քանիսը կարող են դառնալ, ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, մնում է միայն, որ մեր հաղթանակները մեզ հասնեն: Հուսանք, մի օր կարող ենք արդարության հասնել ռինգում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով