11:25 4 հունիսի, 2023Շատ լավ վիճակում է մեր բռնցքամարտը, հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք մեծ նվաճումների կհասնեն: Երեւանում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունը ցույց տվեց, որ հայկական բռնցքամարտը մեծ ապագա ունի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին բռնցքամարտիկ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, «Հայաստան» մարզական միության բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ուսումնական մասի վարիչ Յուրի Ներսիսյանը:
Մայիսի 25-ին վաստակավոր մարզիչը նշեց ծննդյան 75-ամյակը: Յուրի Ներսիսյանը բռնցքամարտում է 60 տարի:
Պարոն Ներսիսյան, շնորհավորում եմ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Դուք Ձեր կյանքը նվիրել եք սպորտին, բռնցքամարտին: Ինչպե՞ս եք մուտք գործել բռնցքամարտ, ո՞ւմ խորհրդով:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Բռնցքամարտով զբաղվելու հետաքրքիր նախապատմություն եմ ունեցել: Փոքր ժամանակ քթի խնդիր ունեի: Պատանեկան տարիքում որոշվեց վիրահատություն անել: Այն ժամանակ լավ չէին անում այդ վիրահատությունները, կռճիկս ամբողջությամբ հեռացրին, ինչի արդյունքում քիթս նստեց: Դրանից հետո բոլորն ինձ սկսեցին անվանել «բաքսյոր», ասում էին՝ բռնցքամարտիկի եմ նմանվել այդ քթով: Այնքան ասացին, մի օր որոշեցի գնալ բռնցքամարտի: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Մեկ տարի անց մարզադպրոցի մրցում հաղթեցի եւ այդտեղից սկսվեց իմ ճանապարհը մեծ սպորտում, բռնցքամարտում:
Ո՞ր մարզադպրոցում եք արել առաջին քայլերը, ո՞վ է եղել Ձեր առաջին մարզիչը:
Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Մարզիչս եղել է Վալտեր Աթանեսյանը: Հայրս չէր ընդունում իմ՝ բռնցքամարտով զբաղվելը, մայրս կողմ էր իմ ընտրությանը: 1967 թվականին Հայաստանի ուսանողական հավաքականի կազմում մեկնեցի Աստրախան՝ «Բուրեւեստնիկ» կամավոր մարզական ընկերության համամիութենական առաջնության: Վերադարձա մեդալով, թերթում իմ մասին հոդված տպագրեցին իմ լուսանկարով: Բերեցի, պարծենալով հայրիկիս ցույց տվեցի: Նայեց, բարկացավ, ասաց՝ «ինչպես թե, դու բռնցքամարտով ես զբաղվո՞ւմ, ինձ ասել էին, որ դու դպրոցով գնացել ես ինչ-որ տեղ: Այլեւս չտեսնեմ, որ դու բռնցքամարտի գնաս»: Ասացի, որ ինձ դուր է գալիս, հաջողություն էլ արդեն կա, ինչպես կարող եմ չհաճախել: Այդպես շարունակեցի մարզվել: Սկզբում հանդես էի գալիս 48 կգ քաշային կարգում, հետագայում տեղափոխվեցի 51 կգ քաշային կարգ:
Ի՞նչ նվաճումներ եք ունեցել:
Մեծ արդյունքներ չեմ ունեցել, բայց շատ հաղթանակներ են եղել: Խորհրդային Միության Զինված ուժերի առաջնությունում երկու անգամ արծաթե մեդալակիր եմ դարձել: Երկու դեպքում էլ հաղթել եմ եզրափակիչում, բայց միտումնավոր հաղթանակն ինձ չեն տվել: Այդ ժամանակ ես ծառայում էի բանակում, ինձ առաջարկում էին տեղափոխվել ԲԿՄԱ, ես էլ չէի համաձայնվում: Սեւաստոպոլում անցկացված զինված ուժերի առաջնության եզրափակիչում հաղթանակս խլեցին ինձնից: Մենամարտից հետո հանդերձարանում լաց եղա: Զինված ուժերի գնդապետը եկավ ինձ մոտ, ասաց՝ դե ինչ, տեղախովո՞ւմ ես ԲԿՄԱ, ասացի՝ ոչ: Ասաց՝ դե ուրեմն քո մենամարտերը միշտ էլ այսպես կլինեն:
4 անգամ Հայաստանի չեմպիոն եմ եղել, երկու անգամ երիտասարդների առաջնությունում եմ հաղթել, «Բուրեւեստնիկի» մրցաշարում առաջինն եմ ճանաչվել եւ ստացել եմ սպորտի վարպետի կոչում: 1969 թվականին Խորհրդային Միության Սպարտակիադայում երրորդ տեղն եմ զբաղեցրել: Արդյունքներ ունեցել եմ, բայց ոչ այդքան մեծ:
Ե՞րբ հրաժեշտ տվեցիք մարզիկի կարիերային եւ ինչո՞ւ:
Բռնցքամարտում անարդարություններ կային, ես ինձ դժբախտ զգացի: 1973-ին համալրեցի Ենգիբարյանի մարզադպրոցի մարզիչների շարքը: 4 տարի անց առաջին մեծ հաջողությունս ունեցա որպես մարզիչ: Իմ սաներից Պարույր Վարդանյանը դարձավ Սովետական Միության պատանեկան առաջնության հաղթող: Հաջորդ տարի Պարույրի եղբայրը՝ Հովհաննես Վարդանյանը դարձավ նույն առաջնության բրոնզե մեդալակիր: Դրանից հետո ամեն տարի հաջողություն ենք ունեցել իմ սաների հետ: Իմ սաներից ուժեղ բռնցքամարտիկ էր Մանվել Քոչարյանը, որը, ի դեպ Համամիութենական ստուգատեսերից մեկում միավորների մեծ առավելություն գրանցեց օլիմպիական չեմպիոն ռուս Վասիլի Շիշովի նկատմամբ, բայց հաղթանակը տվեցին Շիշովին: Շատ սաներ եմ ունեցել, լավ բռնցքամարտիկներ շատ ենք ունեցել:
Հայ անվանի բռնցքամարտիկներից ո՞ւմ հետ եք աշխատել:
1988-1992 թվականներն աշխատել եմ Սովետական Միության հավաքականում: Իմ անձնական սաներից աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ զբաղեցրած Ալեքսան Նալբանդյանը գլխավոր թիմի անդամ էր, հավաքականում էին նաեւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը եւ Եվրոպայի չեմպիոն Նշան Մունչյանը:
1991 թվականին պատրաստվում էինք մեկնել Ավստրալիա աշխարհի առաջնության: Ինձ ասել էին, որ թիմի հետ գնալու եմ, բայց խաբեցին ու չտարան, մարզչական կազմն ամբողջությամբ ռուսներ էին: Այնպես դասավորեցին, որ ես չկարողացա մեկնել, բայց Հայաստանից աշխարհի առաջնության գնացին Իսրայել Հակոբկոխյանը եւ Ալեքսան Նալբանդյանը: Իսոն արծաթե մեդալակիր դարձավ, Ալիկը առաջին մենամարտում պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ, Ատլանտա-1996-ի օլիմպիական չեմպիոն Դանիել Պետրովին: Իրականում Ալիկը հաղթել էր Պետրովին, բայց հաղթանակը տվել էին բուլղարացուն: Ալիկ Նալբանդյանը շատ լավ բռնցքամարտիկ էր: Միակն էր այս մարզաձեւում, որ նվաճեց Աթենք-2004-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այդ ժամանակ Ալիկն իմ աշակերտն էր եւ շատ կարեւոր էր, որ Օլիմպիական խաղերում ես լինեի նրա կողքին, բայց այս անգամ էլ ինձ չընդգրկեցին Հայաստանի պատվիրակության կազմ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Ռաֆայել Մեհրաբյանն էր: Դիմեցի Հայաստանի սպորտի ղեկավար Իշխան Զաքարյանին, որպեսզի կազմում ընդգրկեն նաեւ ինձ, Զաքարյանն ասաց, որ Մեհրաբյանը գնում է եւ երկրորդ մարզիչի կարիք չկա: Այդպես ես չգնացի, Ալիկ Նալբանդյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:
Աշխատել եմ նաեւ Նշան Մունչյան հետ: Նրա անձնական մարզիչը Արմեն Անտոնյանն էր, ես նրան ուղեկցել եմ մրցաշարերի: Նա այդ ժամանակ մարզվում էր «Հայաստան» մարզադպրոցում, այսինքն՝ այստեղ, ես՝ Ենգիբարյանի մարզադպրոցում էի դեռ:
Մինչեւ 2005 թվականը աշխատեցի Ենգիբարյանի դպրոցում, հետո տեղափոխվեցի այս դպրոց: Նոր սերնդի բռնցքամարտիկներից իմ սաներից է եղել Եվրոպայի փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը, Հրայր Մաթեւոսյանը, որը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը:
Ե՞րբ եք ստացել վաստակավոր մարզիչի կոչումը:
Վաստակավորի կոչումը ստացել եմ 1989 թվականին: Ինձ հասնում էր դեռ 1979 թվականին, քանի որ Սովետական Միության մեծահասակների հավաքականում երկու մարզիկ ունեի՝ Վարդանյան եղբայրները: Այն ժամանակ այդպես էր: 1979 թվականին դիմեցի վաստակավոր մարզիչի կոչման համար, չտվեցին, ասացին դեռ երիտասարդ ես՝ 29 տարեկան: Մեկ օր անց ինձ ՀԿԿ կենտրոնական կոմիտեից կանչեցին: Այդ գիշեր չքնեցի, մտածում էի՝ ինչ խախտում եմ արել, որ կանչում են: Պարզվեց՝ իմացել են, որ դիմել եմ վաստակավորի կոչման համար եւ մերժվել, կանչել էին ասեին, որ կզանգեն եւ ինձ կտան իմ կոչումը: Ես հրաժարվեցի, ասացի՝ եթե զանգով պետք է տան, չեմ ուզում: Այդպես միայն 1989 թվականին ինձ կանչեցին եւ իմ սաների արդյունքներով տվեցին կոչումս: Նաեւ ստացել եմ սպորտի եւ ֆիզկուլտուրայի պատվավոր աշխատողի կոչում, բայց սպորտի վաստակավոր աշխատողի կոչում չտվեցին: Դիմեցի, նախարարությունը մերժեցին:
Ի՞նչ կասեք հայկական բռնցքամարտի ներկայի մասին:
Շատ լավ վիճակում է մեր բռնցքամարտը: Հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք մեծ նվաճումների կհասնեն: Երեւանում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունը ցույց տվեց, որ հայկական բռնցքամարտը մեծ ապագա ունի: 13 մեդալ նվաճեցինք, ինչը փայլուն արդյունք է: Ունեինք նաեւ բռնցքամարտիկներ մեր մարզադպրոցից: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մեծ աշխատանք է կատարում: Ես լավատես եմ եւ մեծ ապագա եմ տեսնում հայկական բռնցքամարտում:
Եթե համեմատենք Ձեր տարիների բռնցքամարտը ներկայիս հետ...
Մեր ժամանակվա դպրոցն ավելի լավն էր: Այն ժամանակ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրն անհատ էր, ռինգում իր անհատական ոճն ուներ, իր նախասիրած հարվածը: Ես օրինակ՝ ցատկով ձախից հարված ունեի, դա իմ ոճն էր: Հիմա միայն տեմպն է, արագությունը, միջին տարածության վրա բռնցքամարտելը: Դասական ոչինչ չկա:
Չանդրադառնամ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին, չեմպիոններին չեն դատում: Հավաքականից կառանձնացնեմ Արթուր Բազեյանին: Շատ լավն է, դասական ոճ ունի, խելացի բռնցքամարտ է անումՌաֆայել Հովհաննիսյանը նույնպես հեռանկարային բռնցքամարտիկ է: Մեր մարզադպրոցի սանն է եղել, հետո տեղափոխվեց «Դինամո»:
Դուք մարզվել եւ աշխատել եք բռնցքամարտի միակ հայ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի գլխավորությամբ: Ի՞նչ հիշողություններ ունեք նրա հետ կապված:
Ես նրան առաջին անգամ տեսել եմ իր մարզադպրոցում 1964 թվականին: Մի օր եկավ իմ մարզումներին, հետեւեց ու ասաց՝ «այ տղա, կարգին բռնցքամարտիկ ես երեւում, բայց քաշ չունես, քաշ հավաքիր»: Որոշ ժամանակ մարզվելուց հետո դպրոցի առաջնությունում հաղթեցի ինձանից 4 տարի ավել մարզված տղայի: Այդպես Ենգիբարյանի դուրը եկա (ծիծաղում է): Նա երբեք մարզչություն չի արել: Միայն նկարահանումների ժամանակ էր հագուստը փոխում եւ դահլիճում մարզում անցկացնում: Նա ուրիշ էր ոչ միայն որպես բռնցքամարտիկ, նաեւ ղեկավար, մարզադպրոցի տնօրեն: Նրա օրոք ամեն ինչ այլ էր: Պահանջկոտ էր, չէր թողնում, որ որեւէ մարզիչ ազատ մնա, ազատ ժամանակ ունենա, որ հանկարծ իր մարզիչներն ուրիշ տեղ չաշխատեին:
Ըստ Ձեզ՝ ե՞րբ կունենանք Օլիմպիական չեմպիոն, ո՞վ կարող է նվաճել բաղձալի ոսկե մեդալը:
Ներկայիս մրցավարությամբ դժվար էլ ունենանք... Հովհաննես Բաչկովը կոտրել է սառույցը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Մեր հավաքականից մի քանիսը կարող են դառնալ, ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, մնում է միայն, որ մեր հաղթանակները մեզ հասնեն: Հուսանք, մի օր կարող ենք արդարության հասնել ռինգում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.