02:12  ,  31 մայիսի, 2023

Մոուրինյո․ Պատմությունը ֆուտբոլ չի խաղում

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային ասուլիսում գնահատել է իր ղեկավարած թիմի հնարավորությունները Եվրոպայի լիգայի եզրափակիչում։ «Ռոման» կմրցի Եվրոպայի լիգայի 6-ակի գավաթակիր (ռեկորդ է), իսպանական «Սեւիլիայի» հետ։

«Շատ ենք աշխատել, որպեսզի լավագույն վիճակում լինենք այս եզրափակիչում, որին մասնակցելու իրավունքը արժանիորեն ենք վաստակել։

Պատմությունը ֆուտբոլ չի խաղում։ Իմ գործընկերն այլ կերպ է մտածում։ Ես հարգում եմ նրան։ Նա կարծում է, որ պատմությունը «Սեւիլիային» դարձնում է ֆավորիտ։ Նրանք ունենք պատմություն, որը մենք չունենք։ Նրանց համար եզրափակիչում խաղալը սովորական երեւույթ է, մեր թիմի համար արտառոց իրադարձություն է։

«Սեւիլիան» ունի գերազանց թիմ, ավելի ստույգ՝ երկու գերազանց թիմ, քանի որ նրանք ունեն բարձրագույն մակարդակի 25 խաղացող։ Նրանք ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են։ Նրանք շատ տարբերակներ ունեն, բայց չգիտեն իմ խաղացողներին եւ իմ թիմը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռոման» առաջին եվրագավաթը նվաճել է անցած տարի՝ հաղթելով Կոնֆերենցիաների լիգայում։

«Սեւիլիա» - «Ռոմա» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում