11:44  ,  22 մայիսի, 2023

Ռաֆայել Հովհաննիսյան․ Գոհ եմ իմ մենամարտերից ԱԱ-ում, բայց կանգ չեմ առնելու

Աշխարհի առաջնությունում իմ պարտության համար որեւէ մեկին չեմ մեղադրում, բացի ինձանից: Դեռ տեղ կա ավելացնելու, զարգանալու, առաջ գնալու: Գոհ եմ իմ մենամարտերից, բայց կանգ չեմ առնելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում Ռաֆայել Հովհաննիսյանը մեդալ չնվաճեց: Երկու տպավորիչ հաղթանակ տանելուց հետո նա քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի չեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիին: Այս աշխարհի առաջնությունը Եվրոպայի փոխչեմպիոնի առաջին փորձն էր մեծահասակների կազմում:

Ռաֆայել, ի՞նչ տրամադրությամբ ես վերադարձել աշխարհի առաջնությունից:

Տրամադրությունս բարձր է, քանի որ ընկերներս մեդալներ նվաճեցին: Ճիշտ է՝ ամենաբարձր հարգի չէին, բայց կարեւորը մեդալներով ենք վերադարձել, որը լավ արդյունք է:

Առաջին փորձդ էր մեծահասակների աշխարհի առաջնությունում: Ինչպե՞ս կգնահատես մասնակցությունդ:

Իմ մրցելույթներից գոհ եմ: Արեցի ամեն ինչ հաղթանակներ տոնելու եւ բարձր արդյունք գրանցելու համար: Առաջին մենամարտում հաղթեցի Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին, որը  2022 թվականի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնն էր: Շատ լավ մենամարտ անցկացրի, հաղթեցի 5:0 հաշվով:

Երկրորդ մրցակիցս Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչն էր, որին հաղթեցի նոկդաուններով: Այս մենամարտը նույնպես լավ անցկացրի:

Երրորդ մրցակիցս քառորդ եզրափակիչում վրացի Գեորգի Կուշիտաշվիլիին էր, որին շատ ծանոթ էի: Ինչ-ինչ պատճառներով պարտվեցի:

Թուրք մրցակցի հետ առաջին ռաունդում բոլորիս ստիպեցիր մի փոքր անհանգստանալ, հետո արդեն ժամանակից շուտ նոկդաուններով հաղթանակ: Հոգեբանական առումով ինչպիսի՞ն էր այս մենամարտը քեզ համար:

Հոգեբանական առումով թուրքի հետ մենամարտում սովորականից ավելի լարված ես լինում: Երկրի վիճակը, քո լարվածությունը ստիպում է, որ սովորականից ավելի լինի լարվածությունդ: Առաջին ռաունդում 2:3 հաշվով պարտվեցի: Մի քիչ փորձում էի ուսումնասիրել մրցակցիս: Ավելի հանգիստ էի: Երկրորդ ռաունդում լիարժեք հասկացա, թե ինչ պետք է անեմ, ինչ մարտավարությամբ տանեմ մենամարտը: Մարզիչս ճիշտ ուղղումներ արեց եւ արդյունքը՝ հաղթանակ: Այս մենամարտում վստահությունն ինձ օգնեց, որ հաղթեմ: Ունեի փորձ՝ առաջին ռաունդում պարտվելուց հետո հաղթանակ տոնել:

Քառորդ եզրափակիչում ռեւանշի նպատակ ունեիր: Ի՞նչը պակասեց, ինչո՞ւ չստացվեց:

Մրցակիցս միանշանակ ուժեղ էր: Վնասվածք ստացա, բայց չեմ ասի, թե դա էր պատճառը, որ պարտվեցի: Գլխի հարվածով հոնքի վնասվածք ստացա եւ մենամարտում էի արնահոսելով: Լցվում էր աչքիս մեջ, ձախ աչքով չէի կարողանում տեսնել: Նաեւ մի քանի վրիպում եղավ մրցավարների կողմից: Չգիտեմ՝ ինչ-ինչ պատճառներով այդպես ստացվեց: Չեմ ցանկանում մեղադրել մրցավարներին իմ պարտության համար, բայց արեցի ամեն հնարավորը հաղթանակի հասնելու համար:

Գոհ եմ ինձանից, իմ մենամարտերից, բայց կանգ չեմ առնելու: Չեմ կարող աել՝ գոհ եմ ու մնալ այս նույն մակարդակի վրա: Պետք է աշխատեմ, ավելացնեմ, որպեսզի հետագայում, եթե նորից հանդիպեմ վրացի բռնցքամարտիկին, մրցավարները ոչինչ չկարողանան անել, մենամարտի ելքում դեր չունենան:

Կարեն Աղամալյանը հարցազրույցում նշել է, որ աշխարհի առաջնությունում մեդալակիր պետք է դառնայիր նաեւ դու, բայց եղան մրցավարական միջամտություններ: Մրցավարներին ինչ-որ բանում մեղադրու՞մ ես:

Մեղադրում եմ նրանում, որ ես փորձում էի իմ ոճով միշտ հարձակվել, վրացի մարզիկը բռնում էր, կանխում գրոհներս: Երրորդ բռնցվածքից հետո ռինգի մրցավարը պետք է նկատողություն տար, բայց չտվեց: Երկրորդ ռաունդում մրցակիցս փախնում էր գրոհներից: Մենամարտը կանգնեցնում էին եւ ինձ ասում, որ բոքս անեմ, բայց փախնողը մրցակիցս էր:

Ես չեմ ասում, որ մրցավարներն էին մեղավոր իմ պարտության համար: Կարեն Աղամալյանը մարտավկա էր, նա կողքից ավելի լավ է տեսել, թե ինչ է կատարվել իմ մենամարտի ընթացքում: Ես որեւէ մեկին իմ պարտության համար չեմ կարող մեղադրել, բացի ինձանից:

Ի՞նչ կասես թիմի մասնակցության մասին: Ըստ քեզ՝ ի՞նչ մակարդակում է այսօր հայկական բռնցքամարտը աշխարհում:

Որպես թիմի անդամ կարող եմ ասել, որ այսօր մենք մրցունակ ենք յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչի հետ: Աշխարհի որ երկրի բռնցքամարտիկը հանդիպի մեր թիմի տղաներից մեկին, նրան շատ լուրջ մենամարտ է սպասվում: Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո ամբողջ աշխարհը տեսավ եւ իմացավ, թե Հայաստանում բռնցքամարտն ինչ մակարդակի վրա է: Այդ ամենը մենք գիտեինք, ցույց էինք տալիս մինչեւ այդ, բայց Եվրոպայի առաջնությունից հետո բոլորն իմացան, թե հայերը բռնցքամարտում ինչ մակարդակի վրա են:

Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

Չեմ կարող ասել, որ մրցավարական կողմնակալ վերաբերմունքը միայն Հայաստանի նկատմամբ էր: Բոլոր երկրների ներկայացուցիչների նկատմամբ էլ կարող է լինել, սա բռնցքամարտ է, եւ այդ կողմնապահությունը կա ու դեռ կլինի: Հայ բռնցքամարտիկների նկատմամբ ընդգծված տրամադրվածություն չկա: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում հետ կմրցես: Օրինակ՝ իմ մրցակիցը վրացի բռնցքամարտիկ էր, որը նախկինում ներկայացրել է Ռուսաստանը, եղել է Ռուսաստանի չեմպիոն: Այնտեղ նրան բոլորը գիտեն: Երբ այս պարագայում ռինգի մրցավարը ռուս է, արդեն հասկանալի է, թե ինչպես պետք է ընթանա մենամարտը:

Եթե համեմատե՞նք Եվրոպայի առաջնության Ռաֆայել Հովհաննիսյանին աշխարհի առաջնության ռինգ դուրս եկած Հովհաննիսյանի հետ...

Շատ մեծ տարբերություն կա: Այդ ընթացքում մեծ աշխատանք եմ արել, ինքս ինձ վրա աշխատել: Մասնակցել եմ երկարատեւ հավաքների, ունեցել եմ շատ մրցաշարեր, ավելի եմ զարգացել, հմտացել: Ինքս նայելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտը վրացի մրցակցի հետ եւ համեմատելով աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հետ, կարող եմ ասել, որ շատ մեծ տարբերություն կա, բայց միշտ էլի ու էլի տեղ կա ավելացնելու, զարգանալու, առաջ գնալու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում