19:24  +04,  21 մարտի, 2012

Չի կարող ձիասպորտը վերելք ապրել մի պետությունում, որտեղ տնտեսական խնդիրներ կան. հարցազրույց

Լոնդոնի Օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ակնկալում էր, որ առաջին անգամ Հայաստանի համար օլիմպիական ուղեգրի կնվաճի հայ միլիարդատեր եւ մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի զարմուհի, գերմանաբնակ Քերի Աղաջանյան Շոպֆը: Նա մասնակցեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային յոթ մրցաշարերի եւ աշխարհի գավաթի խաղարկության փուլին, եւս վարկանիշային էր, գրավեց երկրորդ տեղը, բայց այդպես էլ ուղեգիր չնվաճեց: Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան զենքերը վայր չի դնում եւ նախապատրաստվում է  2016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպական խաղերին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանի հետ: 

Ի՞նչ արդյունքներ ունի այժմ հայկական ձիասպորտը: Ինչո՞վ ուրախանանք եւ ինչո՞վ` ոչ:

Ուրախանալու առիթներ շատ ունենք: Օրինակ` անցյալ` 2011 թվականին «Մուլտի գրուպ» ձիասպորտի ակումբի  մարզիկ Գեւորգ Հովհաննիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության կովկասյան փուլի հաղթող` արգելքների հաղթահարում մրցաձեւում: Սա իհարկե բարձր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք որ մենք վաղուց միջազգային ասպարեզում նման բարձր արդյունք չէինք ունեցել: 2011 թվականի ամենախոշոր նվաճումը, որը մեզ համար էլ էր անսպասելի, գեղավարգ մրցաձեւում  մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի զարմուհի, գերմանաբնակ Քերի Աղաջանյան Շոպֆի աշխարհի գավաթի խաղարկության փուլում երկրորդ տեղ գրավելն էր: Այս մրցաձեւում երբեւէ արդյունք չենք ունեցել, իսկ մեր հայերնակցուհին, որն ապրում եւ մարզվում է Գերմանիայում, մասնակցեց այդ մրցմանը եւ հիմա նույնիսկ հավակնում է օլիմպիական ուղեգրի: Ճիշտ է` շա~տ աղոտ են հույսերը, որ կարող է լոնդոնյան օլիմպիադայի ուղեգիրը լինել այս մարզաձեւում, սակայն ամեն դեպքում հավակնություններ ունենք, եւ դա արդեն մեծ նվաճում է մեզ համար, որովհետեւ կրկնում եմ, մենք գեղավարգ մարզաձեւ երբեւէ չենք ունեցել:

Իսկ ձիասպորտի ազգային հավաքականի հետ հույսեր չկա՞ն:

Հավաքականն` իր գլխավոր մարզչով, աշխատում է այդ ուղղությամբ:  Սակայն հավաքականը ամբողջ թիմով չէ, որ կարողանում է լավ ներկայանալ առաջնություններում: Ցավոք, քիչ ունենք մարզիկներ, ովքեր համապատասխանում են բարձր չափանիշների եւ ունեն որակավորոմ: Սա բաց է, որը պայմանավորված է մարզիչների որակավորման պակասով: Այսօր համապատասխան մարզիչներ չունենք, որոնք կարող են մարզիկներին հասցնել բարձր մակարդակի: Ռիո-դե Ժանեյրոյում կայացած Ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր ասամբլեայի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք` 2012-ին անցկացնել մի շարք միջազգային մարզչական սեմինարներ: Արդեն առաջին սեմինարը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին` երրորդ եվրոպական խմբի երկրների համար:

ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխության» ծրագրի շրջանակներում Երեւանում կազմակերպվեց մարզչական-տեխնիկական դասընթաց: Հայ մասնագետներից բացի  դասընթացը ունկնդրել են նաեւ Վրաստանի եւ Ղազախստանի մարզիչները: Տեսագործնական պարապմունքը ղեկավարել է հույն հեղինակավոր մասնագետ Ստավրոս Գեորգոպոլոսը: Նմանատիպ սեմինար կկազմակերպվի նաեւ աշնանը, բայց ավելի բարձր կարգի: Բացի այդ, աշնանը կկազմակերպվի նաեւ մրցավարական սեմինար, որը նույնպես շատ կարեւոր է: Մենք մրցավարներ չունենք միջազգային ասպարեզում, իսկ դրա կարեւորությունը բոլորս հասկանում  ենք: Ցանկությունը մեծ է, որպեսզի, ի վերջո Ռիո-2016-ում ունենանք մասնակից: Մարզչական սեմինարները միտված են մարզիչների կարգը բարձրացնելուն: Հայ մարզիչները մնացել են Խորհրդային Միության մակարդակին, իսկ Խորհրդային Միությունը հատուկ վերաբերմունք ուներ ձիասպորտի նկատմամբ. չէր սիրում` այն համարելով բուրժուական մարզաձեւ: Այստեղից է գալիս մեր թուլությունը եւ ինչու ենք ետ մնացել, եւ ինչեր է պետք անել, որպեսզի կարողանանք մոտենալ ուժեղներին:

Իսկ Հայաստանում եղած նժույգները տալի՞ս են մարզաձեւը զարգացնելու հնարավորություն:

Ձիասպորտը շատ է առաջ գնացել, թեկուզ միայն նժույգների տեսակետից: Նժույգներ ունենք, բայց չունենք բարձր կարգի նժույգ, այն ցեղերի նժույգներից, որոնք կարող են արգելքների հաղթահարում մարզաձեւում ցատկել 1 մետր 60 սմ: Դրանք ֆրանսիական, հոլանդական եւ գերմանական նժույգներն են, որոնք շատ բարձրահասակ են եւ կարողանում են 1.60-ը ցատկել: Իսկ դա օլիմպիական Ա կարգի նորմատիվ է: Մենք այդպիսի նժույգ չունենք, իսկ այդպիսի նժույգները շատ թանկ արժեն` խոսք 100 հազարավոր եվրոների մասին է, ինչը հնարավոր չէ ձեռք բերել: Ձիասպորտն ինքնին թանկ մարզաձեւ է, որովհետեւ գործ ունես նժույգավարի եւ նժույգի հետ: Իսկ նժույգի դերը շատ մեծ է: Կարող է այդ օրը տրամադրությույն չունենա եւ ուղղակի չցանկանա ցատկել: Իսկ որպեսզի լավ աշխատի, պետք է լավ ցեղի նժույգ լինի, հասկացող: Բարդ կառույց է: Մարդիկ բուծում են իրենց երկրներում այդպիսի նժույգներ, որոնց համար 1.60-ը ցատկելը ուղղակի քայլելու պես բան է: Մեր նժույգները մեծամասսամբ զտարյուն անգլիական ցեղախմբի նժույգներ են, որոն չեն կարողանում ցատկել այդքան բարձր: Նրանք նախատեսված են վազքարշավների համար եւ ցատկում են 1.40:

Քանի՞ ակումբ կա Հայաստանում եւ ինչպե՞ս են աշխատում:

10 ձիասպորտի ակումբ ունենք, բայց որոշներն ուղղակի թղթի վրա են գործում: Գուցե նախկինում ակտիվ են եղել, բայց հիմա չեն կարողանում գոյությունը պահպանել, քանի որ բավական թանկ սպորտաձեւ է: Պայմաններ են պահանջվում ձիերին պահելու համար: Ձիուն կերակրելը խնդիր է. մարդիկ ընտանիք չեն կարողանում կերակրել… Չի կարող ձիասպորտը վերելք ապրել մի պետությունում, որտեղ տնտեսական խնդիրներ կան: Ձիասպորտը զարգացած է այն երկրնում, որոնք այդ խնդիրները չունեն: Նույնսիկ Ռուսաստանը չի կարողանում զարգացած ձիասպորտ ունենալ:

Ֆեդերացիան անցյալ տարվա նոյեմբեր ամսին ամփոփեց տարին, որտեղ Դուք ձեր ելույթում նշեցիք, որ ձիասպորտը արագ տեմպերով է զարգանում  Հայաստանում: Եթե տնտեսական խնդիրները խոչընդոտում են, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ դիտարկումը:

Իմ դիտարկումը հիմնավոր է, որովհետեւ այսօր ունենք բավական լավ հերթափոխ: Եթե մեր փորձառու մարզիկները մակարդակի այդպիսի խնդիր ունեն, ապա երիտասարդներն ու պատանիները այդ խնդիրը չունեն: Նրանք լուրջ եղանակ են ստեղծում փորձառու մարզիկների հետ պայքարում: Սա է այսօր մե առաջնահերթությունը, եւ մատնաշել ենք որպես մեր ծրագրի հիմնական կետ: Եթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, երբ ընդհամենը «քնձռոտ» ձիուկներ էին եւ ոչ ավելին, իհարկե, առաջընթացն ակնհայտ է:  Օրինակ՝ «Մուլտի գրուպ» ակումբը վերջերս ձեռք է բերել անգլիական, ուկրաինական ցեղախբի բարձրահասակ շատ լավ նժույգներ եւ հենց այդ նոր նժույգներով էր, որ Գեւորգ Հովհաննիսյանը կարողացավ Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում առաջին տեղ գրավել` ետ թողնելով 14 ադրբեջանցու: Իսկ Ադրբեջանը, ինչպես մյուս մարզաձեւերում, այնպես էլ այս մարզաձեում մեծ գումարներ է ներդնում: Բայց դեռ շատ անելիք ունենք եւ պետք է փորձենք մեր առջեւ ծառացած խնդիրները լուծել, մտնել ուժեղների շարք:

Վերջերս նաեւ Ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ ծրագրով հանդես եկավ, ըստ որի Ռիո-դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության կազմում պետք է լինի նաեւ նժույգավար: Ի՞նչ ծրագիր է դա եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու:

Վստահ ասել, թե Ռիոյում լինելու է հայ նժույգավար, սխալ է: Շատ բարդ է ձիասպորտում վարկանիշ նվաճելը: Օրինակ` Ռուսաստանի պես գերտերությունը չի ունենում ներկայացուցիչ: Մյուս երկրներում այս մարզաձեւի մակարդակն այնքան է բարձրացել, որ անհնար է պատկերացնել: Աղոտ հնարավորություններ կան: Բրազիլիայում կայացած գլխավոր ասամբլեայի ժամանակ դեմ քվեարկեցինք մի նախագծի, որն ավելի էր թուլացնում մեր հնարավորությունները: Օլիմպիական վարկանիշներն ուզում էի դարձնել թիմային: Մենք եւ մեր պես մի քանի երկրներ դեմ քվեարկեցին եւ այդ օրինագիծը` ի ուրախություն մեզ չանցավ: Ըստ օրինագծի` ենթադրենք օլիմպիադայում արգելքների հաղթահարում մարզաձեւում հատկացված է նժույգավարի 40 ուղեգիր, որից 36 տեղը տրվում է թիմային: Այն թիմերը, որոնք լավ են մասնակցում, մեխանիկորեն այդ 36 տեղերը տանում են եւ ամբողջ աշխարհի համար մնում է ընդամենը 4 ուղեգիր: Ամենահետաքրքիրն այն է, որ եթե Հարավային Ամերիկային առաջնությունը տալիս է օլիմպիական ուղեգրի վարկանիշ, Եվրոպայի առաջնությունը չի տալիս:

Իսկ ո՞ր պետություններից ենք հետ եւ որի՞ց առաջ այս մարզաձեւում:

Առաջատար երկրներն այս մարզաձեւում Գերմանիան է, Ֆրանսիան, Անգլիան, Հոլանդիան, Բելգիան, եւ ԱՄՆ-ն: Այս երկրները դոմինանտ են, լիդերություն ունեն այս մարզաձեւում: Նրանց մոտենալն անգամ բարդ է: Սակայն հույսը երբեք չի մահանում եւ որքան էլ աղոտ, այնուամենայնիվ այդ հույսը կա: Օլիմպիական կոմիտեի հետ խնդիր ենք դրել զարգացնել ձիասպորտը Հայաստանում:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ