17:50  ,  23 ապրիլի, 2023

Վարազդատ Լալայանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի վերջին երկու մեդալները նվաճեցին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գերծանր քաշայինների պայքարով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: +109 կգ քաշայինների պայքարում վրացի Լաշա Տալախաձեն ոչ մի հնարավորություն չտվեց Վարազդատ Լալայանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: Հայաստանի երկու առաջատար ծանրորդները նվաճեցին արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցեց 462 կգ արդյունք (212+250), Սիմոն Մարտիրոսյանի երկամարտի արդյունքը 440 կգ (195+245):

Քաշային կարգը փոխած Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում հաջող կատարեց առաջին երկու մոտեցումները: Նախ պոկեց 190 կգ, ապա 195 կգ: Փաշիկ Ալավերդյանը երրորդ մոտեցման համար պատվիրեց 200 կգ, բայց Մարտիրոսյանը ձախողեց: Նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ: Երկրորդ մոտեցմանը պոկեց 212 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրած 218 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

+109 կգ քաշային կարգում հիմնական ֆավորիտ, կրկնակի օլիմպիական չեմպինո, 6-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն պոկում վարժությունում գրանցեց 222 կգ արդյունք եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Թեժ պայքար ստացվեց հրում վարժությունում:

Սիմոն Մարտիրոսյանը կատարեց երկու մոտեցումը: Նախ հրեց 235 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 245 կգ, երրորդ մոտեցումից հրաժարվեց:

 Այս վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Վարազդատ Լալայանը հրում վարժությունում պայքարը սկսեց 240 կգ-ով եւ վստահ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում, երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 10 կգ-ի քայլ կատարեց եւ պատվիրեց 250 կգ, որը չկարողացավ հրել:

Լալայանը 250 կգ-ը երկրորդ փորձից հաջողությամբ հրեց եւ նվաճեց այս վարժության փոքր արծաթե մեդալը: +

Լաշա Տալաքաձեն հրում վարժությունում գրանցեց 252 կգ արդյունք եւ երկամարտի 474 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի 7-ակի չեմպիոն:

Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը պահպանում է առաջին տեղը է՝ երկամարտի 13 մեդալով՝ 4 ոսկե, 5 արծաթե, 6 բրոնզե մեդալով։

Երկամարտում Եվրոպայի չեմպիոն են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (92), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ)։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 10 ծանրորդով եւ նվաճեց երկամարտի 10 մեդալ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:

Փարիզ-2024-ի օլիմպիական քաշային կարգերն են՝ 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում