19:34  ,  22 ապրիլի, 2023

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Սամվել Գասպարյանը երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պայքարում 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 395 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: 

Աշխարհի բրոնզե մեդալակիրը պոկում վարժությունում մեկնարկեց 172 կգ-ով: Երկրորդ փորձից էլ պոկեց 175 կգ-ը՝ հետ թողնելով իր բոլոր մրցակիցներին եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդ մոտեցման 165 կգ-ը ձախողեց, երրորդ մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում ֆիքսեց 165 կգ-ոց ծանրաձողը:

Թեժ պայքար ստացվեց հրում վարժությունում Գասպարյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 211 կգ, Պետրոս Պետրոսյանը՝ 210 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ մարզիկները 2 կգ-ի մրցակցություն տարան: Գասպարյանը հրեց 220 կգ , Պետրոսյանը՝ 214 կգ: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, Պետրոս Պետրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ:

Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը երկամարտի 381 կգ արդյունքով նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխեիձեն:

Սամվել Գասպարյանը 25 տարեկան է, Գյումրիից: 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:

2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Գասպարյանը հռչակվեց չեմպիոն։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (176+214):

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշայինների պայքարն անհաջող ստացվեց Սամվել Գասպարյանի համար, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը զրո ստացավ հրում վարժությունում:

2022 թվականի Հայաստանի առաջնությունում Սամվել Գասպարյանը մասնակցեց 109 կգ քաշային կարգում եւ երկամարտի 361 կգ արդյունքով (165+196) նվաճեց չեմպիոնի կոչումը:

2022 թվականի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշայինների պայքարում 390 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նույն տարում Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված աշխարհի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Գյումրեցի ծանրորդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի օլիմպիական հույսն է:  Գլխավոր մարզիչը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Սամվել Գասպարյանը օլիմպիական ոսկու հույս ունի: Գլխավոր մարզիչը նշել է, որ առաջիկա 10 տարում Սիմոն Մարտիրոսյանից օլիմպիական ոսկու ակնկալիք չունի, քանի որ գերծանր քաշային կարգում առաջատարը շարունակում է մնալ Լաշա Տալախաձեն:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում