15:54  ,  18 ապրիլի, 2023

Համլետ Մանուկյան․ Շնորհակալ եմ մեր մարզիչներին մեր հաղթանակների համար

Շնորհակալ եմ մեր մարզիչներին մեր հաղթանակների համար:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը:

Երիտասարդներ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփել են մարտի 29-ից ապրիլի 2-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Անթալիայում 15-ամյա Համլետ Մանուկյանը երկու ոսկե մեդալ է նվաճել նժույգ թափեր եւ օղակների վարժություններում: 

«Ուրախ եմ, որ ոսկե մեդալներ եմ նվաճել աշխարհի առաջնությունում: Շնորհակալ եմ մեր մարզիչներին մեր հաղթանակների համար: Ես 5 տարեկանից եմ զբաղվում մարմնամարզությամբ:

Մրցակցությունը մեծ էր: Եզրափակիչ դուրս եկած բոլոր մարմնամարզիկները մրցակիցներ են: Աշխարհի առաջնությունից հետո պետք է ավելի շատ աշխատենք, որ առաջ գնանք, այլ ոչ թե հետ: Պետք է ավելի մեծ բարձունքների հասնենք»,- ասել է Համլետ Մանուկյանը:

Նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալակիր դարձած Մամիկոն Խաչատրյանի խոսքով աշխարհի առաջնությունում գրանցած բարձր արդյունքներից հետո ամենաքիչը պետք է փորձեն պահպանել դրանք:

«Ես նույնպես շնորհակալ եմ մեր մարզիչներին իրենց կատարած ահռելի աշխատանքի համար: Ֆեդերացիայի նախագահը եկել էր Թուրքիա մեզ աջակցելու: Մեզ համար դա մեծ մոտիվացիա էր, որի շնորհիվ ամեն գնով պայքարեցինք մեդալներ նվաճելու համար: Մյուս անգամ ավելի շատ կաշխատենք, որ ավելի բարձր արդյունքներ գրանցենք: Ամենաքիչը պետք է լինի այն, որ կարողանանք պահել այս արդյունքները»,- նշել է Մամիկոն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցել է թիմային պայքարում եւ գրավել 4-րդ տեղը: Թիմը հայրենիք է վերադարձել երկու ոսկե, մեկ արծաթե մեդալով: 15-ամյա Համլետ Մանուկյանի պատվին Թուրքիայում երկու անգամ հնչել է Հայաստանի օրհներգը:

Ֆոտո՝ ՀՄՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում