23:02  ,  5 ապրիլի, 2023

Կարեն Աղամալյան․ Հենրի Սահակյանն ու նրա մարզիչը ստում են

Հենրի Սահակյանն ու նրա մարզիչը ստում են: Հենրին լավ բռնքամարտիկ է: Նրան նախատեսում էի աշխարհի առաջնության համար, բայց որ այսպես ստացվեց, իրավունք չունի մասնակցել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ արձագանքելով Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հենրի Սահակյանի եւ նրա մարզիչ Սամվել Պողոսյանի հայտարարություններին:

Սամվել Պողոսյանը ապրիլի 5-ից հացադուլ է սկսել Վերնիսաժում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։

Մարզիչի սան, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հենրիկ Սահակյանին չեն ընդգրկել հավաքական։ Դոպինգ թեստի դրական պատասխանից հետո, մարզիկը դուրս է մնացել հավաքականից։ Մարզիչն ու մարզիկը չեն ընդունում դոպինգ թեստի պատասխանը։

«Հենրի Սահակյանն ու նրա մարզիչն ինչ ասում են՝ սուտ է: Նա հավաքականի անդամ է եղել: Հայաստանի առաջնությունում չեմպիոն է դարձել, որից հետո տարել եմ «Ստրանջայի» մրցում:

Այժմ դոպինգ թեստի պատասխանը դրական է եկել: Ես իրավունք չունեմ նրան ընդգրկել հավաքական: Նա չի կարող մասնակցել մարզումների, հավաքների:

Թե ինչ է եղել, ինչպես է եղել, որ դոպինգ է հայտնաբերվել, տեղյակ չեմ: Նա «Ստրանջայում» այդքան էլ լավ չմասնակցեց, պարտվեց առաջին մենամարտում, նրան ասացի, որ լավ բռնցքամարտիկի է պարտվել, եւ որ պետք է պատրաստվի մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Հենրի Սահակյանը լավ բռնցքամարտիկ է, բայց ինչ ասում է նրա մարզիչը՝ սուտ է»,- ասաց Կարեն Աղամալյանը:

ՀԲՖ-ն հայտնել է, որ Հենրի Սահակյանը դոպինգ թեստ է հանձնել փետրվարին տեղի ունեցած Հայաստանի առաջնությունից հետո, որտեղ դարձել էր ոսկե մեդալակիր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով