19:28  ,  5 ապրիլի, 2023

Հացադուլ հայտարարած մարզիչ Սամվել Պողոսյանի պահանջը (տեսանյութ)

Իմ պահանջն է եւս մեկ դոպինգ անալիզ հանձնելու հնարավորություն տալ մեզ։ Եթե կրկին դրական կլինի պատասխանը, ուրեմն՝ հետամուտ լինել բացահայտելու, թե ինչպես է այդ թույնը հայտնվել իմ սանի օրգանիզմում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանը, որը այսօր հացադուլ է սկսել Վերնիսաժում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։

Մարզիչի սան, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հենրիկ Սահակյանին չեն ընդգրկել հավաքական։ Դոպինգ թեստի դրական պատասխանից հետո, մարզիկը դուրս է մնացել հավաքից։ Մարզիչն ու մարզիկը չեն ընդունում դոպինգ թեստի պատասխանը։ Սամվել Պողոսյանի խոսքով, բռնցքամարտիկի նկատմամբ կա խտրական վերաբերմունք ինչպես հավաքականում, այնպես էլ ֆեդերացիայում։

«Արդեն մեկ ամիս գործընթացներ է գնում, Հենրիի դոպինգ թեստը դրական է եկել Հայաստանի առաջնությունից հետո։ Մեզ չի հուզում, թե քանի տարով կորակազրկվենք, այլ թե ինչ արգելիչ դեղամիջոց է հայտնաբերվել։ Մեզ ասել են, որ գտել են «Հիգենամին» դեղամիջոց, որը իրականում թույն է, այլ ոչ խթանիչ։ Այդ դեղամիջոցը հակացուցված է մասնավորապես բռնցքամարտիկներին եւ ծանրորդներին։ Այն վնասում է մարզիկի առողջությանը կարող է նաեւ մահացությամ դեպք գրանցել։ Մարդ պետք է հիմար լինի, որ այդ դեղամիջոցն ընդունի, այն էլ Հենրիի նմամ մարզիկը։ Նա Եվրոպայի չեմպիոն է, Հայաստանի չեմպիոն, պատրաստվում էր աշխարհի առաջնությանը։

Իմ պահանջն է ապացուցել, երկրորդ նմուշն ուղարկել ստուգման, գուցե շփոթություն է եղել։ Եթե հանկարծ հաստատվեց, պետք է գտնենք, թե ով է տվել, որովհետեւ դա դոպինգ չի, թույն է։ Մարդն ինքն իրեն չէր թույնի։

Ես արդարություն եմ պահանջում։ Բռնցքամարտի աշխարհում արհեստական խմորումները շատ են լինում ֆեդերացիայի փոխվելուց հետո։ Ես ընտրություններին ձայն չեմ տվել ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանին։ Իմ ձայնը տվել էի Իսրայել Հակոբկոխյանին։ Ես արդար մարդ եմ, ինչպես զգում եմ, այդպես անում եմ։ Նույնիսկ իմ քվեաթերթիկը նկարել, հրապարակել էի ֆեյսբուքում։

Դրանից հետո արդեն շուրջ երեք տարի ամեն ինչ արվում է Հենրիին խանգարելու համար եւ ես չեմ բացառում, որ այս ամենը կանխամտածություն է։ Ֆեդերացիայում սիրված, չսիրված մարզիկներ կան»,- ասաց Սամվել Պողոսյանը։

Այս տարվա փետրվարին Հենրիկ Սահակյանը դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2021-ին նա ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում