15:12  ,  29 մարտի, 2023

Յուրի Սաքունց․ Համաշխարհային ռեկորդս նվիրում եմ հայոց բանակին (ֆոտո, վիդեո)

Նոր համաշխարհային ռեկորդս՝ 40 տոննա ծանրությամբ ԿԱՄԱԶ-ի վրա դրված հետեւակի մարտական մեքենայի տեղաշարժումը ատամներով, նվիրում եմ հայոց բանակին, զինվորներին: Իմ նպատակն է այս քայլով եւս մեկ անգամ բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը:

Մարտի 29-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Համալսարանում, համալսարանականների, զինվորականների ներկայությամբ Յուրի Սաքունցը նոր սենսացիոն ռեկորդ սահմանեց: Նա ատամներով տասը մետր տեղաշարժեց ճոպանով կապած ԿԱՄԱԶ բեռնատարը, որի քարշակին դրված էր հետեւակի մատրական մեքենա  40 տոնա ծանրությամբ:

Նախքան ռեկորդը սահմանելը Ռազմական համալսարանի հոգեւոր սպասավորը զինվորականների, ուսանողների եւ Յուրի Սաքունցի մասնակցությամբ տերունական աղոթք կարդաց եւ հաջողություն մաղթեց մարզիկին:

Յուրի Սաքունցի խոսքով հետեւակի մարտական մեքենա տեղաշարժելը եւ ռոկերդը սահմանելու անցկացման վայրի ընտրությունը նպատակային է, քանի որ ռեկորդը նվիրված է հայոց բանակին:

«Սահմանեցի նոր համաշխարհային ռեկորդ. ատամներով տեղաշարժեցի զրահափոխադրիչի վրա կայանած հետեւակի մարտական մեքենա 40 տոննա քաշով: Ծրագրել էի քաշել  3 մետր, որն արդեն համաշխարհային ռեկորդ է, բայց քաշեցի  10  մետր: Շատ դժվարությամբ եղավ, ընթացքում դադարներ ունեցա, բայց քանի որ ունեի մեծ նպատակ, ամեն ինչ արեցի, որ հաջող ստացվի:

Այս ռեկորդից նպատակը հայոց բանակի, զինվորների, ֆիդայինների ոգին եւս մեկ անգամ բարձրացնելն է: Ես մարզիկ եմ եւ իմ կողմից քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի մեր ոգու ուժը բարձրանա, բոլորս լինենք միասին, միասնական, ինչը խիստ անհրաժեշտ է բոլորիս այս իրավիիճակում եւ ժամանակաշրջանում, որում ապրում ենք:

Այս ռեկորդները, որ ես սահմանում եմ, հաջողվում է իրականացնել միայն էներգիայի ճիշտ կառավարման շնորհիվ: Ինձ բոլորը հարցնում են, թե ինչպես է ինձ մոտ ստացվում ծանր մեքենաներ, գնացնքներ տեղաշարժելը ճկույթ մատով, ատամներով. էներգիայի ճիշտ կառավարման արդյունքով է եւ ծանրության զգացումով: Երբ ես տեղաշարժում եմ որեւէ մեքենա եւ կողքից գոռում են, գոտեպնդում, ես ոչինչ չեմ լսում: Միայն կետրոնանում եմ էներգիայի եւ ծանրության ճիշտ կառավարման վրա, որպեսզի ինձ հաջողվի այն տեղաշարժել:

Այս ռեկորդս նվիրում եմ հայոց բանակին, զինվորներին, սպաներին, ֆիդայիններին: Այս ամենն արվեց, որպեսզի մեր ոգու ուժը եւս մեկ անգամ բարձրանա եւ բոլորս գիտակցենք, որ երբեք չպետք է կոտրվենք:

Նախորդ ռեկորդս սահմանել էի 7 ամիս առաջ: Տեղաշարժել էի երեք հրշեջ մեքենա իրար կապած: Այս անգամ տանկ տեղաշարժեցի, հաջորդ նպատակս ինքնաթիռ տեղաշարժելն է լինելու»,- ասաց Յուրի Սաքունցը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով