09:03  ,  24 մարտի, 2023

Սարգիս Հովսեփյան․ Պետք է ամեն գնով խուսափել Հայաստան - Թուրքիա խաղը քաղաքականացնելուց

Պետք է ամեն գնով խուսափել Հայաստան - Թուրքիա խաղը քաղաքականացնելուց, որպեսզի այն չխանգարի հավաքականին մարզադաշտում: Սա վերջին խաղը չէ, պետք է խաղալ նվիրումով եւ փորձել հաղթել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

50-ամյա ֆուտբոլիստը 2008 թվականի սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա տնային հանդիպմանը: 2009 թվականի հոկտեմբերի 14-ին էլ մասնակցել է  Թուրքիա - Հայաստան արտագնա խաղին: Երկու հանդիպումներում էլ Հայաստանի թիմը պարտվել էր 0:2 հաշվով։

Պարոն Հովսեփյան, 15 տարի անց, Հայաստանը կրկին տանն ընդունելու է Թուրքիայի հավաքականին: Ի՞նչ հիշողություններ ունեք «Հրազդան» ստադիոնում անցկացված առաջին հանդիպումից:

Հայաստան - Թուրքիա առաջին խաղից հիշողություններս այդքան էլ լավ չեն: Բոլորս հասկանում էինք, որ կարեւոր խաղ է: Որպես կարեւոր խաղ լավ պատրաստվում էինք, ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց, ցավոք սրտի: Ըստ դրա, հիշողությունները չեն կարող լավը լինել: Պարտության դեպքում լավ հիշողություններ չկան:

Ինչ վերաբերում է մարտի 25-ին անցկացվելիք խաղին, պարզ է, որ բոլորս ցանկանում ենք հաղթանակ, ինչպես այն ժամանակ էինք ուզում: Այդպիսի մարդ չկա, որ չուզենա՝ ազգային հավաքականը հաղթի: Կարծում եմ՝ պետք չէ շատ կենտրոնանալ այն փաստի վրա, որ մրցակիցը Թուրքիան է:

Հնարավո՞ր է:

Պետք է խուսափել, որքան հնարավոր է: Սա ընդամենը խաղ է, հասկանո՞ւմ եք: Սա ֆուտբոլ է, սպորտ է, պարտվում ես, հաղթում ես... Պետք է խուսափել, որովհետեւ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծանր կլինի ֆուտբոլիստների համար, երբ պարտվեն, իսկ առաջիկայում էլի խաղեր կան, որոնք պակաս կարեւոր չեն:

Եթե այնպես կլինի, որ մենք պարտվենք Թուրքիային, բայց մնացած խաղերում հաղթենք եւ խմբային փուլից դուրս կգանք, ես համաձայն եմ: Համաձայն չեմ, երբ հաղթենք Թուրքիային, իսկ մնացածներում պարտվենք եւ վերջին տեղը գրավենք: Բոլորս պետք է հասկանանք, որ ամեն ինչ մեկ խաղով չի որոշվում: Ինձ համար անհասկանալի է, երբ գրում են «տարվա խաղ», «կյանքի խաղ»... անհասկանալի ձեւակերպումներ են: Պետք է ուղղակի լավ տրամադրվել, լավ խաղալ:

Պարտություն էլ կա, պարտություն էլ... Հասկանալի պարտություն էլ է լինում, երբ հաշիվը թույլ է տալիս ընդունել, որ թիմն ուժեղ էր: Անհասկանալի պարտությունները նրանք են, երբ այնքան խոշոր հաշիվներ են լինում, որ ոչ մի կերպ չես համակերպվում:  

Հավաքականն ինչպե՞ս է տարել առաջին պարտությունը Թուրքիայի հավաքականից:

Ինձ համար, որպես ազգային հավաքականի խաղացող, հետո արդեն որպես գլխավոր մարզիչ, ցանկացած պարտություն վատ է եղել, այժմ  էլ վատ է: Ճիշտ է՝ ինձ համար միշտ ավելի վատ է եղել, երբ խոշոր հաշվով ենք պարտվել: Խնդիրն այն է, որ պարտությանն այլ կերպ մոտենալ, ընդունել հնարավոր չէ: Ցանկացած հավաքականի դեմ պարտությունը վատ զգացողություններ է, վատ հիշողոթյուն: Նույն կերպ եղել է Հայաստան - Թուրքիա առաջին խաղում պարտությունը, հետո նաեւ արտագնա խաղինը: Ամբողջ հավաքականի վրա այն վատ զգացողություններ է թողել, բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի, մարզիկի տխրությունը պիտի տեւի մեկ օր, որպեսզի հաջորդ խաղին լավ պատրաստվի եւ մտնի մարզավիճակի մեջ:

Երբ ասում են հավաքականի, ֆուտբոլիստների վրա ճնշում կա, այդ ճնշումը միշտ է լինում: Նրանց անձնական ակումբներում էլ է ճնշում լինում, պարտադիր չէ միայն այսպիսի խաղում լինի այդ ճնշումը: Ֆուտբոլիստներից շատերն արդեն սովոր են այդ ճնշումներին: Մարզադաշտում, տրիբունաներից, երկրպագուներից, մարզադաշտից դուրս միշտ էլ այդ ճնշումը կա եւ եթե դու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ես, պետք է կենտրոնանաս քո պատրաստվելու վրա եւ ոչնչի ուշադրություն չդարձնես:

Ասում են, որ շատ բան կախված է հավաքականի գլխավոր մարզիչից, թե ինչպես նա թիմին կտրամադրի խաղին: Դուք էլ եք գլխավորել ազգային հավաքականը, որքանո՞վ է կարեւոր մարզիչի դերը:

Այնպիսի մարզաձեւում, ինչպիսին ֆուտբոլն է՝ թիմային խաղը, չի կարող հաջողությունը մեկ հոգուց կախված լինել: Ով այդպես է ասում, հիմարություն է: Թիմի հաջողությունը, ճիշտ տրամադրվածությունը, հաղթանակը բոլորից է կախված՝ բժշկից մինչեւ երկրորդ-երրորդ մարզիչ, ֆուտբոլիստներ, գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի աշխատանք: Բոլորն են պատասխանատու արդյունքի համար՝ ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ինչ-որ մեկի վրա պիտի բարդվի, վախկոտություն է: Ամեն անգամ բերել, արդյունքները բարդել մարզիչի վրա եւ ուղարկել, մի քիչ ճիշտ չի, «տղավարի» չի, մարդկային չի: Իհարկե, դու ես բերում այդ մարզիչին եւ յուրաքանչյուր արդյունքի համար պատասխանատու ես դու այդ մարզիչի հետ: Դու ես ընտրել, դու ես հավատացել այդ մարզիչին, եւ եթե հաջողություն չի լինում, բերողն է նաեւ պատասխան տալիս: Այդ մարզիչներին ի՞նչ կա, նրանք եկան, գնացին: Դրա համար միայն մարզիչի վրա թողնել ամբողջ պատասխանատվությունը, սպասել, թե ինչպես մարզիչը կտրամադրի թիմին, վատ արդյունքի դեպքում բարդել մարզիչի վրա, կարծում եմ՝ սխալ է:

Ազգային հավաքականի արդյունքների առաջին պատասխանատուն նա է, ով բերել է գլխավոր մարզիչին, պայմանագիր է կնքել, վստահել է եւ մեծ գումարներ է տալիս ֆեդերացիայից:

Ի՞նչ կարծիք ունեք Ալեքսանդր Պետրակովի մասին:

Կարծիքներ շատ կարող են լինել: Մի տեղ կարող է այդ մարզիչի մոտ շատ լավ ստացվել, գա այստեղ, վատ ստացվի, մի տեղ չհաջողի, այստեղ հաջողի: Այս պահին սխալ է, որեւէ կարծիք հայտնելը: Խաղերը ցույց կտան: Ժամանակը ցույց կտա, պետք չէ առաջ ընկնել: Շատ լավ մարզիչ է, բայց կարող է չստացվել: Չի լինում այդպես: Կարող է մի մարզիչ գալ, որը ոչ մի տեղ չի աշխատել, հավաքականում փորձ չունի, բայց շատ լավ արդյունք է ցույց տալիս: Ամենավերջում նոր կհասկանանք, թե ինչ ստացվեց:

Այս մի խաղով պետք չէ դատել, թե ինչպիսի մարզիչ է: Գուցե այս մի խաղում պարտվի, հաջորդ խաղերում հաղթի, որքանո՞վ ճիշտ կլինի այս մի խաղով նրա հասցեին ինչ-որ բան ասել: 3-4 խաղ հետո կհասկանանք, թե ինչի համար է նա եկել:

Միայն թե չեմ կարողանում հասկանալ, որ մարզիչները գալիս են ֆեդերացիայի հրավերով, ինչի՞ համար են գալիս: Ինչ-որ նպատակ ունե՞ն՝ 6-րդ տեղը գրավել, 5-րդ, 3-րդ, 4-րդ: Ես ուզում եմ հասկանալ, թե Ֆեդերացիան ինչ-որ նպատակ դնու՞մ է նրանց առջեւ:

Առաջին ասուլիսում Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց, թե ինչ խնդիր է իր առջեւ դրել ֆեդերացիայի նախագահը՝ փորձել դուրս գալ Եվրո-2024 եզրափակիչ փուլ... 

Շատ լավ, իսկ եթե դուրս չեկա՞վ, ի՞նչ է լինում... պայմանագրի գումարը կիսվո՞ւմ է, թե միեւնույն է, ամբողջ գումարը տալիս է: Այսպիսի կետեր պետք է լինի պայմանագրի մեջ: Թե չէ, գալ իր պայմանը չկատարել, գումարն ամեն անգամ վերցնել գնալ,  «նոնսենս» է: Պետք է կետեր լինեն, թե չէ ամեն անգամ գան, գումարները հավաքեն, ուտեն-խմեն թողնեն գնան, մի քիչ անհասկանալի է ինձ համար: Ուրիշ բան ֆեդերացիայի նախագահի անձնական միջոցները լիներ...

Հայ երկրպագուները ազգային հավաքականի արդյունքների նկատմամբ շատ ծայրահեղ են: Հաղթանակի դեպքում մեծարում են, պարտության դեպքում՝ «Հայաստանում ֆուտբոլ չկա»... Ինչպե՞ս եք Դուք հաղթահարել քննադատությունները, երբ գլխավորում էիք հավաքականը:

Հայ երկրպագուները միշտ էլ այդպես են եղել: Միշտ էլ հավաքականը սուր քննադատվել է պարտության դեպքում: Միայն Հայաստանում չի այդպես, ամբողջ աշխարհում են երկրպագուներն այդպես ծայրահեղ իրենց սիրելի հավաքականի նկատմամբ: Հիմա մի փոքր այլ է, ես կասեի: Մի փոքր մեղմացել են մեր երկրպագուները: Երբ ես էի հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչ, ամեն ինչ ավելի գունավոր էր, ավելի խիստ էին մեր երկրպագուները, ընդհուպ հասկանալով, որ ես ժամանակավոր էի, ամեն ինչ ավելի վատ ձեւով էին անում: Այնպես, որ ներկայիս արտասահմանյան մարզիչները թող չբողոքեն: Նրանց հանդեպ մեր երկրպագուները շատ մեղմ են: Եթե մենք պարտվեինք այն հաշվով, որով իրենք են պարտվում, երկրպագուները երեւի մեզ մի տեղ  կբռնեին եւ կգնդակահարեին (ծիծաղում է): Հիմա շատ մեղմ են, համեստ են վերաբերվում, մարզիչների նկատմամբ վերաբերմունքը շատ լավ է, շատ բարձր գումարներով էլ ճանապարհ են դնում:

Մարզասերը, մարզադաշտ եկող երկրպագուն իրավունք ունի հավաքականից արդյունք պահանջել: Ես համաձայն եմ դրա հետ: Ինչ-ո մեկը պե՞տք է արդյունք պահանջի, հասկացանք ֆեդերացիան չի պահանջում...

Ինչպե՞ս չքաղաքականացնել այս հանդիպումը:

Ինչ էլ անենք, միեւնույն է քաղաքականացվելու է, քանի որ մրցակիցը Թուրքիան է: Պետք է ուղղակի ուշադրություն չդարձնել: Տեսականորեն մենք միշտ էլ հնարավորություն ունենք, կարող ենք լավ արդյունք գրանցել: Ուղղակի պետք է յուրաքանչյուրն իր գործն անի, տղաները պետք է մտնեն մարզադաշտ եւ իրենց ֆուտբոլը խաղան առավելագույն նվիրումով: Նրանք պետք է հասկանան, որ եթե ուշադրություն դարձրեցին ճնշմանը, քաղաքական ենթատեքստին, նրանց խանգարելու է: Սա վերջին խաղը չէ, պետք է խաղալ նվիրումով եւ փորձել հաղթել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով