09:03 24 մարտի, 2023Պետք է ամեն գնով խուսափել Հայաստան - Թուրքիա խաղը քաղաքականացնելուց, որպեսզի այն չխանգարի հավաքականին մարզադաշտում: Սա վերջին խաղը չէ, պետք է խաղալ նվիրումով եւ փորձել հաղթել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
50-ամյա ֆուտբոլիստը 2008 թվականի սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա տնային հանդիպմանը: 2009 թվականի հոկտեմբերի 14-ին էլ մասնակցել է Թուրքիա - Հայաստան արտագնա խաղին: Երկու հանդիպումներում էլ Հայաստանի թիմը պարտվել էր 0:2 հաշվով։
Պարոն Հովսեփյան, 15 տարի անց, Հայաստանը կրկին տանն ընդունելու է Թուրքիայի հավաքականին: Ի՞նչ հիշողություններ ունեք «Հրազդան» ստադիոնում անցկացված առաջին հանդիպումից:
Հայաստան - Թուրքիա առաջին խաղից հիշողություններս այդքան էլ լավ չեն: Բոլորս հասկանում էինք, որ կարեւոր խաղ է: Որպես կարեւոր խաղ լավ պատրաստվում էինք, ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց, ցավոք սրտի: Ըստ դրա, հիշողությունները չեն կարող լավը լինել: Պարտության դեպքում լավ հիշողություններ չկան:
Ինչ վերաբերում է մարտի 25-ին անցկացվելիք խաղին, պարզ է, որ բոլորս ցանկանում ենք հաղթանակ, ինչպես այն ժամանակ էինք ուզում: Այդպիսի մարդ չկա, որ չուզենա՝ ազգային հավաքականը հաղթի: Կարծում եմ՝ պետք չէ շատ կենտրոնանալ այն փաստի վրա, որ մրցակիցը Թուրքիան է:
Հնարավո՞ր է:
Պետք է խուսափել, որքան հնարավոր է: Սա ընդամենը խաղ է, հասկանո՞ւմ եք: Սա ֆուտբոլ է, սպորտ է, պարտվում ես, հաղթում ես... Պետք է խուսափել, որովհետեւ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծանր կլինի ֆուտբոլիստների համար, երբ պարտվեն, իսկ առաջիկայում էլի խաղեր կան, որոնք պակաս կարեւոր չեն:
Եթե այնպես կլինի, որ մենք պարտվենք Թուրքիային, բայց մնացած խաղերում հաղթենք եւ խմբային փուլից դուրս կգանք, ես համաձայն եմ: Համաձայն չեմ, երբ հաղթենք Թուրքիային, իսկ մնացածներում պարտվենք եւ վերջին տեղը գրավենք: Բոլորս պետք է հասկանանք, որ ամեն ինչ մեկ խաղով չի որոշվում: Ինձ համար անհասկանալի է, երբ գրում են «տարվա խաղ», «կյանքի խաղ»... անհասկանալի ձեւակերպումներ են: Պետք է ուղղակի լավ տրամադրվել, լավ խաղալ:
Պարտություն էլ կա, պարտություն էլ... Հասկանալի պարտություն էլ է լինում, երբ հաշիվը թույլ է տալիս ընդունել, որ թիմն ուժեղ էր: Անհասկանալի պարտությունները նրանք են, երբ այնքան խոշոր հաշիվներ են լինում, որ ոչ մի կերպ չես համակերպվում:
Հավաքականն ինչպե՞ս է տարել առաջին պարտությունը Թուրքիայի հավաքականից:
Ինձ համար, որպես ազգային հավաքականի խաղացող, հետո արդեն որպես գլխավոր մարզիչ, ցանկացած պարտություն վատ է եղել, այժմ էլ վատ է: Ճիշտ է՝ ինձ համար միշտ ավելի վատ է եղել, երբ խոշոր հաշվով ենք պարտվել: Խնդիրն այն է, որ պարտությանն այլ կերպ մոտենալ, ընդունել հնարավոր չէ: Ցանկացած հավաքականի դեմ պարտությունը վատ զգացողություններ է, վատ հիշողոթյուն: Նույն կերպ եղել է Հայաստան - Թուրքիա առաջին խաղում պարտությունը, հետո նաեւ արտագնա խաղինը: Ամբողջ հավաքականի վրա այն վատ զգացողություններ է թողել, բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի, մարզիկի տխրությունը պիտի տեւի մեկ օր, որպեսզի հաջորդ խաղին լավ պատրաստվի եւ մտնի մարզավիճակի մեջ:
Երբ ասում են հավաքականի, ֆուտբոլիստների վրա ճնշում կա, այդ ճնշումը միշտ է լինում: Նրանց անձնական ակումբներում էլ է ճնշում լինում, պարտադիր չէ միայն այսպիսի խաղում լինի այդ ճնշումը: Ֆուտբոլիստներից շատերն արդեն սովոր են այդ ճնշումներին: Մարզադաշտում, տրիբունաներից, երկրպագուներից, մարզադաշտից դուրս միշտ էլ այդ ճնշումը կա եւ եթե դու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ես, պետք է կենտրոնանաս քո պատրաստվելու վրա եւ ոչնչի ուշադրություն չդարձնես:
Ասում են, որ շատ բան կախված է հավաքականի գլխավոր մարզիչից, թե ինչպես նա թիմին կտրամադրի խաղին: Դուք էլ եք գլխավորել ազգային հավաքականը, որքանո՞վ է կարեւոր մարզիչի դերը:
Այնպիսի մարզաձեւում, ինչպիսին ֆուտբոլն է՝ թիմային խաղը, չի կարող հաջողությունը մեկ հոգուց կախված լինել: Ով այդպես է ասում, հիմարություն է: Թիմի հաջողությունը, ճիշտ տրամադրվածությունը, հաղթանակը բոլորից է կախված՝ բժշկից մինչեւ երկրորդ-երրորդ մարզիչ, ֆուտբոլիստներ, գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի աշխատանք: Բոլորն են պատասխանատու արդյունքի համար՝ ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ինչ-որ մեկի վրա պիտի բարդվի, վախկոտություն է: Ամեն անգամ բերել, արդյունքները բարդել մարզիչի վրա եւ ուղարկել, մի քիչ ճիշտ չի, «տղավարի» չի, մարդկային չի: Իհարկե, դու ես բերում այդ մարզիչին եւ յուրաքանչյուր արդյունքի համար պատասխանատու ես դու այդ մարզիչի հետ: Դու ես ընտրել, դու ես հավատացել այդ մարզիչին, եւ եթե հաջողություն չի լինում, բերողն է նաեւ պատասխան տալիս: Այդ մարզիչներին ի՞նչ կա, նրանք եկան, գնացին: Դրա համար միայն մարզիչի վրա թողնել ամբողջ պատասխանատվությունը, սպասել, թե ինչպես մարզիչը կտրամադրի թիմին, վատ արդյունքի դեպքում բարդել մարզիչի վրա, կարծում եմ՝ սխալ է:
Ազգային հավաքականի արդյունքների առաջին պատասխանատուն նա է, ով բերել է գլխավոր մարզիչին, պայմանագիր է կնքել, վստահել է եւ մեծ գումարներ է տալիս ֆեդերացիայից:
Ի՞նչ կարծիք ունեք Ալեքսանդր Պետրակովի մասին:
Կարծիքներ շատ կարող են լինել: Մի տեղ կարող է այդ մարզիչի մոտ շատ լավ ստացվել, գա այստեղ, վատ ստացվի, մի տեղ չհաջողի, այստեղ հաջողի: Այս պահին սխալ է, որեւէ կարծիք հայտնելը: Խաղերը ցույց կտան: Ժամանակը ցույց կտա, պետք չէ առաջ ընկնել: Շատ լավ մարզիչ է, բայց կարող է չստացվել: Չի լինում այդպես: Կարող է մի մարզիչ գալ, որը ոչ մի տեղ չի աշխատել, հավաքականում փորձ չունի, բայց շատ լավ արդյունք է ցույց տալիս: Ամենավերջում նոր կհասկանանք, թե ինչ ստացվեց:
Այս մի խաղով պետք չէ դատել, թե ինչպիսի մարզիչ է: Գուցե այս մի խաղում պարտվի, հաջորդ խաղերում հաղթի, որքանո՞վ ճիշտ կլինի այս մի խաղով նրա հասցեին ինչ-որ բան ասել: 3-4 խաղ հետո կհասկանանք, թե ինչի համար է նա եկել:
Միայն թե չեմ կարողանում հասկանալ, որ մարզիչները գալիս են ֆեդերացիայի հրավերով, ինչի՞ համար են գալիս: Ինչ-որ նպատակ ունե՞ն՝ 6-րդ տեղը գրավել, 5-րդ, 3-րդ, 4-րդ: Ես ուզում եմ հասկանալ, թե Ֆեդերացիան ինչ-որ նպատակ դնու՞մ է նրանց առջեւ:
Առաջին ասուլիսում Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց, թե ինչ խնդիր է իր առջեւ դրել ֆեդերացիայի նախագահը՝ փորձել դուրս գալ Եվրո-2024 եզրափակիչ փուլ...
Շատ լավ, իսկ եթե դուրս չեկա՞վ, ի՞նչ է լինում... պայմանագրի գումարը կիսվո՞ւմ է, թե միեւնույն է, ամբողջ գումարը տալիս է: Այսպիսի կետեր պետք է լինի պայմանագրի մեջ: Թե չէ, գալ իր պայմանը չկատարել, գումարն ամեն անգամ վերցնել գնալ, «նոնսենս» է: Պետք է կետեր լինեն, թե չէ ամեն անգամ գան, գումարները հավաքեն, ուտեն-խմեն թողնեն գնան, մի քիչ անհասկանալի է ինձ համար: Ուրիշ բան ֆեդերացիայի նախագահի անձնական միջոցները լիներ...
Հայ երկրպագուները ազգային հավաքականի արդյունքների նկատմամբ շատ ծայրահեղ են: Հաղթանակի դեպքում մեծարում են, պարտության դեպքում՝ «Հայաստանում ֆուտբոլ չկա»... Ինչպե՞ս եք Դուք հաղթահարել քննադատությունները, երբ գլխավորում էիք հավաքականը:
Հայ երկրպագուները միշտ էլ այդպես են եղել: Միշտ էլ հավաքականը սուր քննադատվել է պարտության դեպքում: Միայն Հայաստանում չի այդպես, ամբողջ աշխարհում են երկրպագուներն այդպես ծայրահեղ իրենց սիրելի հավաքականի նկատմամբ: Հիմա մի փոքր այլ է, ես կասեի: Մի փոքր մեղմացել են մեր երկրպագուները: Երբ ես էի հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչ, ամեն ինչ ավելի գունավոր էր, ավելի խիստ էին մեր երկրպագուները, ընդհուպ հասկանալով, որ ես ժամանակավոր էի, ամեն ինչ ավելի վատ ձեւով էին անում: Այնպես, որ ներկայիս արտասահմանյան մարզիչները թող չբողոքեն: Նրանց հանդեպ մեր երկրպագուները շատ մեղմ են: Եթե մենք պարտվեինք այն հաշվով, որով իրենք են պարտվում, երկրպագուները երեւի մեզ մի տեղ կբռնեին եւ կգնդակահարեին (ծիծաղում է): Հիմա շատ մեղմ են, համեստ են վերաբերվում, մարզիչների նկատմամբ վերաբերմունքը շատ լավ է, շատ բարձր գումարներով էլ ճանապարհ են դնում:
Մարզասերը, մարզադաշտ եկող երկրպագուն իրավունք ունի հավաքականից արդյունք պահանջել: Ես համաձայն եմ դրա հետ: Ինչ-ո մեկը պե՞տք է արդյունք պահանջի, հասկացանք ֆեդերացիան չի պահանջում...
Ինչպե՞ս չքաղաքականացնել այս հանդիպումը:
Ինչ էլ անենք, միեւնույն է քաղաքականացվելու է, քանի որ մրցակիցը Թուրքիան է: Պետք է ուղղակի ուշադրություն չդարձնել: Տեսականորեն մենք միշտ էլ հնարավորություն ունենք, կարող ենք լավ արդյունք գրանցել: Ուղղակի պետք է յուրաքանչյուրն իր գործն անի, տղաները պետք է մտնեն մարզադաշտ եւ իրենց ֆուտբոլը խաղան առավելագույն նվիրումով: Նրանք պետք է հասկանան, որ եթե ուշադրություն դարձրեցին ճնշմանը, քաղաքական ենթատեքստին, նրանց խանգարելու է: Սա վերջին խաղը չէ, պետք է խաղալ նվիրումով եւ փորձել հաղթել:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.