09:08  ,  12 մարտի, 2023

Էլմիրա Կարապետյան․ Այս մեդալը մեծ թիմային աշխատանքի արդյունք է

Շատ եմ ուրախացել բրոնզե մեդալի համար: Արդեն ժամանակն էր, որ մեդալ նվաճեի, ինչը մեծ թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ բոլորին ինձ օգնելու եւ աջակցելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էստոնիայից ասաց Հայաստանի առաջատար հրաձիգ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը:

Մարտի 10-ից Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Էլմիրա Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի ներկայացուցիչը 10 մետրից 60 կրակոցով խոցել է 577 միավոր եւ 59 մասնակցի մեջ գրավել երրորդ տեղը։ Սա Էլմիրա Կարապետյանի առաջին մեդալն է մեծահասակների Եվրոպայի առաջնություններում:

«Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Սա իմ առաջին մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Նաեւ Հայաստանի առաջին մեդալն էր Եվրոպայի առաջնություններում օլիմպիական մրցաձեւում վերջին 10 տարիներին Երջանիկ Ավետիսյանի չեմպիոնությունից հետո:

Ես հավատում էի, որ կկարողանամ Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Արդեն ժամանակն էր: Սա մեծ թիմային աշխատանքի արդյունք է եւ այս մեդալի համար շնորհակալ եմ մեր հավաքականին, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին: Վերջին 15 օրն այնքան լարված էին անցել: Ես ուսումնամարզական հավաքի Լեհաստան գնացել էի փոքրիկիս՝ 8 ամսական Լիոնի հետ: 15 օր, ամեն օր Սեյրան Նիկողոսյանը փոքրիկիս 3 ժամ պահել է, զբաղեցրել, զբոսնել նրա հետ, որպեսզի  մարզվեմ, մարզումներս իր հունով ընթանա: Փորքիկս ինձ հետ էր նաեւ այստեղ՝ Տալլինում: Մրցումների օրերին էլ մայրս է եկել մեզ մոտ, փոքրիկիս հետ մնացել, որպեսզի ես հանգիստ մասնակցեմ մրցաշարին: Իրականում, սա շատ մեծ աշխատանք է եւ կրկնակի ուրախացել եմ, որ այս ամենը զուր չէր, արդյունքը՝ բրոնզե մեդալ: Ինչ նպատակ իմ առջեւ դրել էի, եղավ:

Հետաքրքիր ստացվեց եզրափակիչի վերջին հատվածը: Մայրիկս որդուս հետ մարզադահլիճում էր: Տրիբունայից հետեւում էին մեզ: Ես վերջին կրակոցս արեցի, երրորդ տեղում դիրքս հաստատեցի, որից անմիջապես հետո ուղիղ եթերում ցուցադրել են որդուս՝ Լիոնին: Շատ տպավորիչ էր: Նա այնքան խելոք  եւ հանգիստ է տանում այս ամենը՝ մարզումները, թռիչքները, կարծես, միշտ եղել դրա մեջ:

Ափսոսում եմ միայն, որ այս կարեւոր պահին ամուսինս՝ Քրիստն ինձ հետ չէր: Նա մնացել էր Երեւանում, միայնակ: Նա նույնպես շատ է ուրախացել իմ հաջողությամբ, մշտապես ինձ աջակցում է իմ մարզական կարիերայում: Շնորհակալ եմ նաեւ նրան՝ այդ մեծ հավատի ու աջակցության համար»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը Փարիզ-2024-ի համար նվաճել է 2022 թվականի հոկտեմբերի 15-ին գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցնելու շնորհիվ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով