09:08 12 մարտի, 2023Շատ եմ ուրախացել բրոնզե մեդալի համար: Արդեն ժամանակն էր, որ մեդալ նվաճեի, ինչը մեծ թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ բոլորին ինձ օգնելու եւ աջակցելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էստոնիայից ասաց Հայաստանի առաջատար հրաձիգ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը:
Մարտի 10-ից Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Էլմիրա Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի ներկայացուցիչը 10 մետրից 60 կրակոցով խոցել է 577 միավոր եւ 59 մասնակցի մեջ գրավել երրորդ տեղը։ Սա Էլմիրա Կարապետյանի առաջին մեդալն է մեծահասակների Եվրոպայի առաջնություններում:
«Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Սա իմ առաջին մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Նաեւ Հայաստանի առաջին մեդալն էր Եվրոպայի առաջնություններում օլիմպիական մրցաձեւում վերջին 10 տարիներին Երջանիկ Ավետիսյանի չեմպիոնությունից հետո:
Ես հավատում էի, որ կկարողանամ Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Արդեն ժամանակն էր: Սա մեծ թիմային աշխատանքի արդյունք է եւ այս մեդալի համար շնորհակալ եմ մեր հավաքականին, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին: Վերջին 15 օրն այնքան լարված էին անցել: Ես ուսումնամարզական հավաքի Լեհաստան գնացել էի փոքրիկիս՝ 8 ամսական Լիոնի հետ: 15 օր, ամեն օր Սեյրան Նիկողոսյանը փոքրիկիս 3 ժամ պահել է, զբաղեցրել, զբոսնել նրա հետ, որպեսզի մարզվեմ, մարզումներս իր հունով ընթանա: Փորքիկս ինձ հետ էր նաեւ այստեղ՝ Տալլինում: Մրցումների օրերին էլ մայրս է եկել մեզ մոտ, փոքրիկիս հետ մնացել, որպեսզի ես հանգիստ մասնակցեմ մրցաշարին: Իրականում, սա շատ մեծ աշխատանք է եւ կրկնակի ուրախացել եմ, որ այս ամենը զուր չէր, արդյունքը՝ բրոնզե մեդալ: Ինչ նպատակ իմ առջեւ դրել էի, եղավ:
Հետաքրքիր ստացվեց եզրափակիչի վերջին հատվածը: Մայրիկս որդուս հետ մարզադահլիճում էր: Տրիբունայից հետեւում էին մեզ: Ես վերջին կրակոցս արեցի, երրորդ տեղում դիրքս հաստատեցի, որից անմիջապես հետո ուղիղ եթերում ցուցադրել են որդուս՝ Լիոնին: Շատ տպավորիչ էր: Նա այնքան խելոք եւ հանգիստ է տանում այս ամենը՝ մարզումները, թռիչքները, կարծես, միշտ եղել դրա մեջ:
Ափսոսում եմ միայն, որ այս կարեւոր պահին ամուսինս՝ Քրիստն ինձ հետ չէր: Նա մնացել էր Երեւանում, միայնակ: Նա նույնպես շատ է ուրախացել իմ հաջողությամբ, մշտապես ինձ աջակցում է իմ մարզական կարիերայում: Շնորհակալ եմ նաեւ նրան՝ այդ մեծ հավատի ու աջակցության համար»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը Փարիզ-2024-ի համար նվաճել է 2022 թվականի հոկտեմբերի 15-ին գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցնելու շնորհիվ։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.