21:24  ,  4 մարտի, 2023

Սոֆիա. Սլավիկ Գալստյանի տպավորիչ հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ

Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է մրցելույթը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվող Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում:

67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Սլավիկ Գալստյանը 9:5 հաշվով հաղթեց թուրք Ֆուրկան Յիլդիզին: Գոտեմարտը գերլարված ստացվեց: Առաջին մրցափուլում աշխարհի բրոնզե մեդալակիրը պարտվում էր 0:5 հաշվով, սակայն, վերջին րոպեին Սլավիկ Գալստյանը նախ 2-միավորանոց գցում կատարեց, ապա 4-միավորանոց գլորումով հաշիվը դարձրեց 6:5, եւս 1 միավոր էլ վաստակեց աշխատանքային գոտուց դուրս հանելով:

Հայ եւ թուրք մրցակիցները գնացին հանգստի 7:5 հաշվով՝ Սլավիկ Գալստյանի առավելությամբ: Թուրք ըմբիշի նյարդերը տեղի տվեցին եւ դադարի սուլիցիչ հետո Յիլդիրիզը հրեց Գալստյանին. հայ ըմբիշը պատասխանեց նույնությամբ:

Երկրորդ մրցափուլն առավել լարված ստացվեց: Սլավիկ Գալստյանը 4-միավորանոց գցում կատարեց, բայց մրցավարները 2 միավոր տվեցին, ապա տուշե արեց, բայց գորգի եւ կողային մրցավարները չհաշվեցին: Եւս 2 միավոր էլ ավելացավ հերթական գցումը կատարելով: Հաշիվը դարձավ 11:5:

Կողային մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ գլխավոր մրցավարի հետ քննարկեց վերջին հնարքն ու տրված միավորները: Հաշիվը մնաց անփոփոխ, թուրք ըմբիշին նկատողություն տվեցին: Յիլդիրիզի մարզիչները 11:5 հաշվի համար չելենջ գցեցին: Մրցավարները բավարարեցին բողոքարկումը եւ Սլավիկ Գալստյանի հաշվից հանեցին 2 միավոր: Մրցակիցները շարունակեցին գոտեմարտը 9:5 հաշվից, որը մնաց անփոփոխ մինչեւ գոտեմարտի ավարտը: Գալստյանը թուրք ըմբշի վրա մատ թափ տվեց վերջին վայրկյանին՝ պարտվելիս իրեն հրելու համար:

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ Մալխաս Ամոյանը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը մրցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւի հետ եւ հաղթեց 6:1 հաշվով: Առաջին մրցափուլում Եվրոպայի չեմպիոնը միավոր չվաստակեց: Երկրորդ մրցափուլում հաղթեց 6 միավորի առավելությամբ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալակիր դարձավ: 87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը 1:1 հաշվով՝ վերջին միավորը վաստակելու առավելությամբ հաղթեց շվեցարիացի  Ռամոն Բետսչարտին:

Ավելի վաղ արծաթե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63կգ):

82 կգ քաշային կարգում հանդես եկած Կարապետ Չալյանն ու Սամվել Գրիգորյանը պարտվել էին: Մեկնարկային գոտեմարտում Չալյանը պարտվել էր Գրիգորյանին, որն էլ պարտվել էր հաջորդ գոտեմարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում