09:03  ,  26 փետրվարի, 2023

Հակոբ Սերոբյանը՝ Կոտբուսից․ Աշխարհի ուժեղագույններն այստեղ են, շատ ուրախ եմ Գագիկ Խաչիկյանի համար

Աշխարհի գավաթն, ասես, աշխարհի առաջնություն լինի: Ուժեղների պայքար է գնում, աշխարհի ուժեղագույններն այստեղ են, շատ ուրախ եմ Գագիկ Խաչիկյանի համար. նա նվաճեց իր առաջին մեդալը մեծահասակներում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կոտբուսից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Փետրվարի 25-ին Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի առանձին գործիքների՝ նժույգ թափեր, օղակների վարժությունների եզրափակիչները:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից նժույգ թափերում արծաթե մեդալակիր դարձավ Գագիկ Խաչիկյանը, օղակներում բրոնզե մեդալակիր՝ Արթուր Ավետիսյանը:

«Շատ լավ արդյունքներ գրանցեցինք: Գոհ եմ: Շատ բարդ մրցակցություն է, ասես՝ աշխարհի առաջնություն լինի, որովհետեւ աշխարհի ուժեղագույններն են պայքարում: Գագիկ Խաչիկյանից շատ գոհ եմ: Նա լավ կատարեց իր վարժությունը, բայց չէի ասի, որ լավագույն կատարումն էր: Նա ավելի լավ է կարողանում անել: Հաղթահարեց հուզմունքը, հաղթեց աշխարհի չեմպիոններին եւ առաջին անգամ մեծահասակներում դարձավ մեդալակիր: Սառույցը կոտրվեց: Ամենաերիտասարդն է:

Իսկապես շատ ուժեղ մրցակցություն է ընթանում բոլոր գործիքների վրա: Քաթարում էլ է այսպես լինելու: Այստեղ բոլորը պայքարում են աշխարհի առաջնությունում առանձին գործիքների մասնակցության իրավունք ստանալու համար, որտեղ էլ խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր: 

Հարություն Մերդինյանին պակասեց 0,44 միավոր: Վերջում ոտքերը մի փոքր թուլացրեց: Քաթարում անելու է, ես գիտեմ: Վահագն Դավթյանն էլ լավ կատարեց: Վերջում պետք է գար կանգներ, դա էր: Քանի որ շատ ուժեղներ են պայքարում, չնչին քայլը, թեթեւ այս կողմ այն կողմ,  միավոր ես կորցնում: Ուժեղների պայքար է գնում, չնչին բացթողումն անդառնալի է:

Արթուր Ավետիսյանի արդյունքը, երրորդ տեղը գոհացնող է, բայց նա կարող էր ավելին: Նա պետք է ավելի լավ անի:

Շատ ուրախ եմ, որ մենք ունենք երիտասարդներ, որ գալիս են: Գագիկ Խաչիկյանը շատ ուրախացրեց:

Սպասենք Արթուր Դավթյանի արդյունքին: Հաջորդ առավոտ արդեն մեկնում ենք Դոհա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Փետրվարի 26-ին տեղի կունենա հենացատկի վարժության եզրափակիչը: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ամենաբարձր արդյունքով էր դուրս եկել եզրափակիչ:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու անմիջապես Կոտբուսից հետո, Դոհայում։ Երրորդ փուլը Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով