09:03 26 փետրվարի, 2023Աշխարհի գավաթն, ասես, աշխարհի առաջնություն լինի: Ուժեղների պայքար է գնում, աշխարհի ուժեղագույններն այստեղ են, շատ ուրախ եմ Գագիկ Խաչիկյանի համար. նա նվաճեց իր առաջին մեդալը մեծահասակներում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կոտբուսից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Փետրվարի 25-ին Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի առանձին գործիքների՝ նժույգ թափեր, օղակների վարժությունների եզրափակիչները:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից նժույգ թափերում արծաթե մեդալակիր դարձավ Գագիկ Խաչիկյանը, օղակներում բրոնզե մեդալակիր՝ Արթուր Ավետիսյանը:
«Շատ լավ արդյունքներ գրանցեցինք: Գոհ եմ: Շատ բարդ մրցակցություն է, ասես՝ աշխարհի առաջնություն լինի, որովհետեւ աշխարհի ուժեղագույններն են պայքարում: Գագիկ Խաչիկյանից շատ գոհ եմ: Նա լավ կատարեց իր վարժությունը, բայց չէի ասի, որ լավագույն կատարումն էր: Նա ավելի լավ է կարողանում անել: Հաղթահարեց հուզմունքը, հաղթեց աշխարհի չեմպիոններին եւ առաջին անգամ մեծահասակներում դարձավ մեդալակիր: Սառույցը կոտրվեց: Ամենաերիտասարդն է:
Իսկապես շատ ուժեղ մրցակցություն է ընթանում բոլոր գործիքների վրա: Քաթարում էլ է այսպես լինելու: Այստեղ բոլորը պայքարում են աշխարհի առաջնությունում առանձին գործիքների մասնակցության իրավունք ստանալու համար, որտեղ էլ խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր:
Հարություն Մերդինյանին պակասեց 0,44 միավոր: Վերջում ոտքերը մի փոքր թուլացրեց: Քաթարում անելու է, ես գիտեմ: Վահագն Դավթյանն էլ լավ կատարեց: Վերջում պետք է գար կանգներ, դա էր: Քանի որ շատ ուժեղներ են պայքարում, չնչին քայլը, թեթեւ այս կողմ այն կողմ, միավոր ես կորցնում: Ուժեղների պայքար է գնում, չնչին բացթողումն անդառնալի է:
Արթուր Ավետիսյանի արդյունքը, երրորդ տեղը գոհացնող է, բայց նա կարող էր ավելին: Նա պետք է ավելի լավ անի:
Շատ ուրախ եմ, որ մենք ունենք երիտասարդներ, որ գալիս են: Գագիկ Խաչիկյանը շատ ուրախացրեց:
Սպասենք Արթուր Դավթյանի արդյունքին: Հաջորդ առավոտ արդեն մեկնում ենք Դոհա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Փետրվարի 26-ին տեղի կունենա հենացատկի վարժության եզրափակիչը: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ամենաբարձր արդյունքով էր դուրս եկել եզրափակիչ:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու անմիջապես Կոտբուսից հետո, Դոհայում։ Երրորդ փուլը Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.