09:05  ,  26 հունվարի, 2023

Արայիկ Բաղդադյան․ Ըմբշամարտի թիմերից ակնկալում ենք 6-7 օլիմպիական ուղեգիր

Ֆեդերացիան երկու հավաքականներից ակնկալում է 6-7 օլիմպիական ուղեգիր: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է Օլիմպիական խաղերին: Ինչ վերաբերում է Հրաչյա Պողոսյանի դոպինգի թեստի դրական արդյունքին, սպասում ենք միջազգային կազմակերպության որոշմանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները նախաօլիմպիական տարին սկսել են ծաղկաձորյան հավաքներով: Շուտով կմեկնարկի հավաքների երկրորդ փուլը, որը կանցնի Երեւանում: Հավաքներին չի մասնակցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 Եվրոպայի չեմպիոն, Մ-23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը:

Նախօրեին Հայաստանի հակադոպինգային գործակալությունը հաղոդրագրություն տարածեց, այն մասին, որ Հրաչյա Պողոսյանի նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ՝ օկտադրին եւ մեթիլհեքսանամին, (S6 Խթանիչներ /բ. Հատուկ Խթանիչներ), ինչը համարվում է անբարենպաստ փորձաքննական արդյունք։ Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ ըմբիշը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Պարոն Բաղդադյան, Հրաչյա Պողոսյանի վերաբերյալ ի՞նչ որոշում է կայացվել, ֆեդերացիան ինչպե՞ս  արձագանքեց ըմբիշի նմուշի դրական պատասխանին:

Հակադոպինգային ծառայությունը մեզ ծանուցել է թեստի դրական արդյունքի մասին: Այս դեպքում կան ընդունված կանոնակարգեր, որոնց պետք է հետեւենք:

Նշեմ, որ աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալուց հետո Պողոսյանը դոպինգ թեստ հանձնել է եւ ամեն ինչ մաքուր է եղել: Այս նմուշը վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Այնպես, որ այն չի ազդում Մ23 աշխարհի առաջնության արդյունքի վրա:

Դեռեւս որեւէ հայտարարություն այդ թեմայով ֆեդերացիան չի անի, քանի դեռ գործնընթացքի մեջ է: Մենք կսպասենք հակադոպինգային ծառայության միջազգային ծառայության պատասխանին եւ որոշմանը: Ինչպիսի որոշում կայացվի մարզիկի վերաբերյալ, այն էլ կընդունենք, քանի որ օրենքն է այդպես պարտադրում:

Հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները նախաօլիմպիական տարին սկսեցին ծաղկաձորյան հավաքներով: Ի՞նչ մրցաշարերի են պատրաստվում թիմերը:

Հունահռոմեական ոճի հավաքականը Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ տարվա առաջին հավաքն անցկացրեց հունվարի 8-21-ը, իսկ ազատ ոճայինները Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ անցկացրել են հունվարի 11-25-ը:

Շուտով կմեկնարկի հավաքների երկրորդ փուլը: Հունահռոմեականները փետրվարի 3-ից  հավաք կանցնեն Երեւանի «Օլիմպիավանում», որից հետո Ռուսաստանի Ռյազան քաղաքում կմասնակցեն մրցաշարի: Ապա հավաքականը եւս մեկ մրցաշարի կմասնակցի Իրանում:

Մարտի սկզբին թիմը կմեկնի Բուլղարիա, որտեղ մարտի 2-5-ը անցկացվելու է Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարը: Այստեղ հանդես կգա Եվրոպայի առաջնության հիմնական կազմը:

Ի՞նչ ծրագրեր ունեն ազատ ոճայինները:

Ազատ ոճայինները փետրվարի 5-ից հավաք կանցնեն «Օլիմպավանում»: Հավաքից հետո կձեւավորվի Եվրոպայի առաջնության հիմնական կազմը՝ 6-7 ըմբիշ: Այս կազմը փետրվարի 24-25-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կմասնակցի վարկանիշային մրցաշարի: Եգիպտոսի մրցաշարը աշխարհի առաջնության վարկանիշներ է տալիս: Եգիպտոսի մրցաշարից հետո թիմը եւս երկու հավաք կանցնի՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, որ տեղի է ունենալու ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Թիմերի կազմերը հայտնի կդառնան միջազգային մրցաշարերից հետո ըստ արդյունքների: Մարտի վերջում արդեն հայտնի կլինեն կազմերը:

Այդ ընթացքում մարտի 15-24-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կացկացվի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները կմասնակցեն ամբողջական կազմերով: Ունենք լավ կազմեր: Կարծում եմ, երկու հավաքականներն էլ 9-10 ներկայացուցիչներ կունենան:

Ծաղկաձորի հավաքին մասնակցում էր նաեւ Արթուր Ալեքսանյանը: Եվրոպայի հնգակի չեմպիոնը կմասնակցի՞ Եվրոպայի առաջնությանը:

Արթուր Ալեքսանյանը միանշանակ պատրաստվում է Օլիմպիական խաղերին, ուղեգիր ձեռք բերելուն: Դեռ վերջնական հայտնի չէ՝ Եվրոպայի առաջնության մասնակցության հարցը: Առաջիկայում հավաքականը եւ ֆեդերացիան կհայտարարեն այդ մասին: Եթե որոշվի, որ մասնակցելու է, նախքան Եվրոպան, Արթուրը մեկ միջազգային մրցաշար կունենա: Շատ հնարավոր է, որ նա մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Իրավիճակով է պայմանավորված: 

Երկու հավաքականներում էլ վնասվածքներ ունեցող ըմբիշներ չունենք: Միայն Գեորգ Ղարիբյանն է արմունկի վիրահատության ենթարկվել: Վիրահատությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Բժիշկների գնահատականով՝ թեթեւ վնասվածք է եղել, բայց պարզ կլինի արդեն մարզումների ժամանակ: Եթե հասցնի լիարժեք ապաքինվել եւ պատրաստվել, կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այդ որոշումը կկայացնեն մարզիչները: 

Ո՞ր մրցաշարեր են օլիմպիական վարկանիշներ տալիս այս տարի:

2023 թվականին միայն աշխարհի առաջնությունն է օլիմպիական ուղեգրեր տալիս: Այստեղ կա կանոնների փոփոխություն. միայն 1-5 տեղերն են տալիս վարկանիշներ, այն էլ՝ լավագույն հնգյակը: Ըմբշամարտում երկու 5-րդ տեղ է լինում: Այս դեպքում երկու 5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները գոտեմարտելու են ուղեգրի համար:

Եւս երկու օլիմպիական վարկանիշային մրցաշարեր կունենանք արդեն 2024 թվականին՝ Եվրոպական գոտու եւ աշխարհի: Եվրոպական գոտու մրցաշարում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն են ուղեգրեր նվաճում, աշխարհի օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ լավագույն եռյակը: Այստեղ էլ բրոնզե մեդալակիրները կպայքարեն ուղեգրի համար:

Քանի՞ ուղեգրի հույս ունեք:

Յուրաքանչյուր ոճում 6 օլիմպիական քաշային կարգ կա: Երկու ոճերը միասին 6-7 ուղեգրի հույս ունենք: Կարծում եմ՝ այդքան ուղեգիր կունենանք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում