00:53  ,  15 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ֆրանսիան հաղթեց Մարոկկոյին եւ եզրափակիչում կխաղա Արգենտինայի հետ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց  Մարոկկոյի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։ 

Դիդիե Դեշամի գլխավորած թիմը խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը (տեսանյութ

17-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, սակայն նրա հարվածից հետո Մարոկկոյին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը (տեսանյութ

36-րդ րոպեին դարձյալ վտանգավոր պահ ստեղծեց Ֆրանսիայի հավաքականը, սակայն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հարվածից հետո դրությունը փրկեց պաշտպանը, իսկ Օլիվիե Ժիրուն նույն դրվագում մի փոքր շեղ հարվածեց (տեսանյութ

44-րդ րոպեին անկյունայինից հետո Մարոկկոյի հավաքականի եւ իսպանական «Վալյադոլիդի» 30-ամյա պաշտպան Ջավադ Էլ Յամիկի հարվածից հետո Ֆրանսիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Երկրորդ խաղակեսի սկզբում երկու գերազանց պահ ստեղծեց Մարոկկոյի թիմը, սակայն իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրիին հարվածելու հնարավորություն չտվեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 29-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանը, ապա անգլիական «Լիվերպուլի» 23-ամյա պաշտպան Իբրահիմա Կոնատեն (տեսանյութ

79-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը մի քանի վայրկյան էր դուրս եկել փոխարինման։ Գոլային գրոհը տուգանային հրապարակում ձեռնարկել էր Կիլիան Մբապեն, սակայն Մարոկկոյի թիմի պաշտպանից գնդակը հայտնվեց Կոլո Մուանիի մոտ (տեսանյութ

Հանդիպմանը տրիբունայից հետեւում էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության է մատնել 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։ 

Դեկտեմբերի 17-ին Խորվաթիան ու Մարոկկոն կվիճարկեն բրոնզե մեդալները։

Աշխարհի ընթացիկ առաջնությունում Ֆրանսիան խմբային փուլում 4:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, 2:1 հաշվով՝ Դանիային, 0:1 հաշվով պարտվել Թունիսին։ 1/8 եզրափակիչում Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանին, քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ է եղել Անգլիայից։

Մարոկկոյի հավաքականը խմբային փուլում 0:0 հաշվով էր խաղացել Խորվաթիայի հետ, 2:0 հաշվով հաղթել էր Բելգիային, 2:1 հաշվով՝ Կանադային։ 1/8 եզրափակիչում Մարոկկոն հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել էր Իսպանիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Մարոկկոն 1:0 հաշվով պարտության էր մատնել Պորտուգալիային։

ԱԱ-2022, կիսաեզրափակիչ

Ֆրանսիա - Մարոկկո՝ 2:0 (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 5, Ռանդալ Կոլո Մուանի, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով