00:59  ,  11 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ֆրանսիան պայքարից դուրս թողեց Անգլիային (տեսանյութ)

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում մրցեցին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան։

2:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

17-րդ րոպեին հեռվից կատարված հզոր հարվածով Լիվերպուլի «Էվերտոնի» 28-ամյա խաղացող Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը գրավեց Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։

Առաջին խաղակեսում Անգլիան 3 հարված կատարեց, 3 սեյվի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։

54-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր Տչուամենին։

78-րդ րոպեին Գրիզմանի փոխանցումից հետո իտալական «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն խփեց Ֆրանսիայի հավաքականի հաղթական գոլը (տեսանյութ

84-րդ րոպեին VAR-ի հուշումից հետո դարձյալ 11-մետրանոց նշանակվեց Ֆրանսիայի հավաքականի դարպասին։ Այս անգամ Հարի Քեյնը բարձր հարվածեց։

Ֆրանսիան կիսաեզրափակիչում կմրցի Մարոկկոյի թիմի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Պորտուգալիային։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Անգլիա - Ֆրանսիա՝ 1:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 54, 11մ - Օրելիեն Տչուամենի, 17, Օլիվիե Ժիրու, 78

Չիրացրած 11մ՝ Հարի Քեյն (Անգլիա), 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով