10:58  ,  28 նոյեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Խմբի առաջատարն ենք եւ ամեն ինչ կախված է մեզնից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Գերմանիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։  

«Մենք խմբի առաջատարն ենք եւ ամեն ինչ կախված է մեզնից։ Գոհ եմ այսպիսի իրավիճակից։

Լավ անցկացրինք առաջին խաղակեսը, բայց ամբողջ հանդիպման ընթացքում վստահության պակաս ունեինք։ Գերմանիան խաղում էր «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, նրանք գտան իրենց պահը, բայց ես գոհ եմ իմ թիմի խաղից։ Մրցակցի գոլի դրվագում մեզ ոչ բնորոշ սխալ թույլ տվեցինք։

Մոտ էինք 2:0 հաշվին, բայց ֆուտբոլն այնքան կամակոր է, որ կարող էինք եւ պարտվել։ Երբ հաշվի մեջ առաջ էինք, թարմությունը չհերիքեց մրցակցի կիսադաշտում պրեսինգի դիմելու համար։

Ոչ ոք չէր հերքում, որ Գերմանիան կարող է հասնել եզրափակիչ, բայց հիմա նրանք միայն 1 միավոր ունեն։

Ալվարո Մորատան ու Ունայ Սիմոնը առանցքային խաղացողներ են իրենց դիրքերում։ Ալվարոն ապշեցնում իր ահռելի աշխատանքով։ Դրա արդյունքում էլ գոլ խփեց։ Սիմոնը վստահություն ու երաշխիք է։ Նա արեց այն, ինչ պետք է աներ դարպասապահը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

E խմբում Իսպանիան 4 միավորով եւ գոլերի 8:1 տարբերությամբ առաջինն է։ Գերմանիան 1 միավորով վերջինն է։ Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն 3-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս