13:38  ,  24 հոկտեմբերի, 2012

«Միկայի» տնօրեն. Սպորտի նախարարությանը չհետաքրքրեց մեր հաջողությունը

«Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած շախմատի կանանց Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում Երեւանի «Միկա» ակումբի կանանց թիմի հաղթանակը, արծաթե մեդալակիր դառնալը Հայաստանի Սպորտի նախարարությանը, քաղաքային իշխանություններին եւ նույնիսկ շախմատի ֆեդերացիային ասես չհետաքրքրեց։ Մեր աղջիկների փայլուն հաղթանակը նրանց կողմից որեւէ արձագանքի կամ խրախուսանքի չարժանացավ»։

Այս մասին հոկտեմբերի 24-ին Հայաստանի շախմատի տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի «Միկա» ակումբի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը:

«Ինձ համար տարօրինակ է, որ Սպորտի նախարարության կանոնակարգում գրված է, որ ակումբային նվաճումները չեն արժանանում խրախուսանքների։ Ստացվում է՝ մեր բարձր արդյունքները խանգարում են մեզ խրախուսվել: Գուցե այնքան շատ է մեր շախմատային հաջողությունները, որ կարիք չկա կամ անիմաստ են համարել մեզ ուշադրության կամ խրախուսանքի արժանացնել»,- ասաց Աշոտ Վարդապետյանը։

Ըստ Վարդապետյանի՝ ոսկե մեդալի արժանացած «Մոնտե Կարլոն» ուժեղագույն թիմերից է եւ զիջել միայն աշխարհի ուժեղագույն թիմին, ամոթ բան չէ։

«Մենք զիջել ենք աշխարհի հավաքականին, իսկ դա ամոթ չէ: Եվ հետեւում ենք թողել կրկին ուժեղ մրցակցի՝ «Ուգրա» ակումբին։ Տարօրինակ է, որ մեր այս հաղթանակը անարձագանք մնաց մասնավորապես սպորտի նախարարության կողմից։ Քաղաքապետարանի շախմատային հիմնական ծրագրերը ոչ պրոֆեսիոնալ դաշտում են: Ցավոք, մինչեւ օրս քաղաքապետարանը ցանկություն չի հայտնել ավելի պրոֆեսիոնալ միջոցառումներ կազմակերպել: Կցանկանյի, որ ոչ միայն դա լիներ եւ փոխվեր այլ ակումբների հանդեպ ճիշտ դիրքորոշումը։ Օրինակ ինչո՞ւ սպորտի նախարարության կանոնակարգում չկա մարզաձեւերի ակումբային հաջողությունների խրախուսանք կամ աջակցում։ Այստեղ ակումբային սպորտը դեռեւս չի զարգացել, բայց կան բազմաթիվ ակումբներ տարբեր մարզաձեւերից, որոնք միջազգային արենայում մեծ հաջողություններ են գրանցում, ինչպես օրինակ շախմատային ակումբի մեր հաջողությունները։ Բանն այն է, որ ակումբային շախմատը  դեռ Հայաստանում զարգացած չէ, ինչի ուղղությամբ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ու մի շարք մարզական կազմակերպություններ պետք է զբաղվեն», - նշեց Աշոտ Վարդապետյանը։

Աշոտ Վարդապետյանի փոխանցմամբ՝ շախմատի տղամարդկանց Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությանը «Միկա» ակումբի տղաների թիմը չի մասնակցել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

«Տղամարդկանց «Միկա» թիմը 3 անգամ մասնակցել է Եվրոպայի ակումբային առաջնությունը:  Այս տարի ֆինանսական միջոցները թույլ չտվեցին, որպեսզի նրանք եւս մասնակցեն։ Բացի ֆինանսական միջոցների բացակայությունը, մեր տղաները Ստամբուլում կայացած Համաշխարհային օլիմպիադայից հետո գերհոգնած էին, եւ լավագույն մարզավիճակում չէին: Այդ էր վկայում Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի ու Սերգեյ Մովսեսյանի մրցելույթներն այլ մրցաշարերում: Նրանք իրենց լավագույն մարզավիճակում չէին։ Իսկ ուղարկել մի թիմ, որը մեծ ծախսերի հետ էր կապված եւ վստահ չլինել նրանց հաղթանակում գերհոգնածության պատճառով կարծում եմ՝ ռիսկային կլիներ. իմաստ չկար նրանց ուղարկել»,- հայտնեց Վարդապետյանը։

Անդրադառնալով Էյլթայում կանանց թիմի ելույթներին՝ «Միկայի» տնօրենը եւս հավաստեց, որ վստահ էր աղջիկների արծաթե մեդալը նվաճելու հույսերին։ 

«Այս խաղարկությունը «Միկայի» ամենակայուն ելույթն էր: Երբ աղջիկների հետ հավաքվում էինք եւ զրուցում  մեր արդյունքների մասին, խոսակցություններ կար, որ բրոնզի միանշանակ կհասնեինք։ Սակայն աղջիկներն ինձ պնդում էին, որ իրենք, միանշանակ, նվաճելու են արծաթը։  Մեր ցուցանիշները բոլոր չափանիշներով գերազանցում էին երրորդ տեղը գրաված «Ուգրային»։ Մեդալ նվաճելու համար ավելի կարեւոր էր ոչ թե հավաքած մեդալների քանակը, այլ ընթացիկ վարկանիշային հանգամանքը։ Եթե լիներ ըստ միավորների, ոսկե մեդալ կնվաճեին Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշլիվին։ Հենց սկզբից էլ կարծում էի, որ Աննա Հայրապետյանը չի հասցնելու խաղալ, քանի որ աղջիկները շատ լավ հանդես եկան: Թիմը շատ լավ մարզավիճակում էր եւ հրաշալի խաղ ցուցադրեց»,- հավելեց Աշոտ Վարդապետյանը։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Ֆոտո՝ armchess.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում