20:26  ,  23 հոկտեմբերի, 2022

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն:

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշպարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Թայրբեկ Ժումաշբեկ Ուուլուի հետ եւ լարված պայքարում հաղթեց 7:5 հաշվով:

Մինչեւ գոտեմարտի երկրորդ մրցափուլի վերջին րոպեն Արսեն Հարությունյանը հաղթում էր 3:0 հաշվով, բայց վերջին րոպեին ղրղզ մրցակիցը հաշիվը դարձրեց 3:3 իր առավելությամբ: Գոտեմարտի վերջին վայրկյաններին Արսեն Հարությունյանը հարմար բռնվածքով երկու 2-միավորանոց գլորում կատարեց: Ղրղզ ըմբիշն էլ եւս 2 միավոր ավելացրեց իր հաշվին՝ Հարությունյանին երկու անգամ մրցագորգից դուրս հանելով: Գոտեմարտն ավարտվեց 7:5 հաշվով Արսեն Հարությունյանի փառահեղ հաղթանակով:

Աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Արսեն Հարությունյանը Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց: 

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ, 1/8 եզրափակիչում էլ 11:0 հաշվով  հերթական վստահ հաղթանակն էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 9:3 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ասիլ Այտակինին, իսկ կիսաեզրափակիչում 13:4 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեի նկատմամբ:

Արսեն Հարությունյանն երկրորդ անգամ է նվաճում աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ չեմպիոն էր դարձել 2021 թվականին Բելգրադում, որտեղ եզրափակիչում 11:7 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր Վազգեն Թեւանյանը: 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Թեւանյանը լարված պայքարում 8:4 հաշվով պարտության էր մատնել թուրք Համզա Ալաջային: Մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում