09:37  ,  15 սեպտեմբերի, 2022

Արթուր Ալեքսանյանի եւ Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (ֆոտո, վիդեո)

Անցած գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը կրկին մարդաշատ էր: Հայկական սպորտի երկրպագուները դիմավորում էին աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Սեպտեմբերի 15-ին 03:55-ին Բելգրադ-Վիեննա-Երեւան չվերթով հայրենիք վերադարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Աշխարհի առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, հարազատները, ընկերները, մարզասերներ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, ԿԳՄՍ եւ ՀԱՕԿ պաշտոնյաներ:

4-րդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Ալեքսանյանին օդանավակայանում դիմավորեցին ծափահարություններով, այս անգամ առանց զուռնա-դհոլի: Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն աշխարհի չեմպիոնից ներողություն խնդրեց համեստ դիմավորելու համար՝  նշելով երկրի պատերազմական վիճակը:

Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին ծաղկե դափնիներ հանձնեցին: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրը «Զվարթնոցի» սպասասրահ դուրս եկավ աշխարհի չեմպիոնի գոտիով: Հավաքվածներից շնորհավորանքներ ընդունելուց, երկրպագուների հետ լուսանկարվելուց հետո միայն Արթուր Ալեքսանյանը մոտեցավ հեռվում իրեն ամենաշատը սպասող մայրիկին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-13-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 8 մասնակցով նվաճել է երկու մեդալ՝ 1 ոսկե, 1 բրոնզե: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը:

97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը 5:1 հաշվով հաղթեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովին: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաեւ 2014, 2015 եւ 2017 թվականներին:

23-ամյա Մալխաս Ամոյանը օլիմպիական քաշային կարգում (77 կգ) առաջին մեդալը նվաճեց: Եվրոպայի գործող չեմպիոնը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:1 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի մյուս  5 ներկայացուցիչները պարտություններ կրեցին եւ լքեցին պայքարը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում