Անցած գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը կրկին մարդաշատ էր: Հայկական սպորտի երկրպագուները դիմավորում էին աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Սեպտեմբերի 15-ին 03:55-ին Բելգրադ-Վիեննա-Երեւան չվերթով հայրենիք վերադարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:
Աշխարհի առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, հարազատները, ընկերները, մարզասերներ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, ԿԳՄՍ եւ ՀԱՕԿ պաշտոնյաներ:
4-րդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Ալեքսանյանին օդանավակայանում դիմավորեցին ծափահարություններով, այս անգամ առանց զուռնա-դհոլի: Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն աշխարհի չեմպիոնից ներողություն խնդրեց համեստ դիմավորելու համար՝ նշելով երկրի պատերազմական վիճակը:
Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին ծաղկե դափնիներ հանձնեցին: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրը «Զվարթնոցի» սպասասրահ դուրս եկավ աշխարհի չեմպիոնի գոտիով: Հավաքվածներից շնորհավորանքներ ընդունելուց, երկրպագուների հետ լուսանկարվելուց հետո միայն Արթուր Ալեքսանյանը մոտեցավ հեռվում իրեն ամենաշատը սպասող մայրիկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-13-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 8 մասնակցով նվաճել է երկու մեդալ՝ 1 ոսկե, 1 բրոնզե: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը:
97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը 5:1 հաշվով հաղթեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովին: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաեւ 2014, 2015 եւ 2017 թվականներին:
23-ամյա Մալխաս Ամոյանը օլիմպիական քաշային կարգում (77 կգ) առաջին մեդալը նվաճեց: Եվրոպայի գործող չեմպիոնը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:1 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի մյուս 5 ներկայացուցիչները պարտություններ կրեցին եւ լքեցին պայքարը:
Լուսինե Շահբազյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։