09:44  ,  12 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Մեկնարկում են Գեւորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասափյանը

Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 12-ին երրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 60 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասափյանը կմեկնարկեն 1/16 եզրափակիչից:

Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Պրիդոն Աբուլաձեն, Դավիթ Օվասափյանը կգոտեմարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ: 

Գեւորգ Ղարիբյանը 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն է,  2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Դավիթ Օվասապյանը մինչեւ 23 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն է:

Հայաստանի հավաքականի վերջին երկու ներկայացուցիչների նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 12:30-ից:

Երրորդ մրցումային օրը երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակիչում կպայքարի աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսի համար: Մրցակիցը բուլղարացի 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովն է:

Սեպտեմբերի 11-ին մրցագորգ դուրս եկած Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո  բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել: Պողոսյանը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բրոնզե մեդալի պայքարի համար:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) եւ Ռուդիկ Մկրտչյանը պարտություններ են կրել եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում