15:14  ,  30 օգոստոսի, 2022

Վիգեն Նազարյան․ Աշխարհի առաջնությունում հաղթանակս ցանկանում եմ նվիրել մեր հերոսներին

Աշխարհի առաջնությունում հաղթանակս ցանկանում եմ նվիրել մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր ապրելու համար, մենք էլ պարտավոր ենք մեր դրոշը բարձր պահել նրանց պատվին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության նորընծա չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր 19-ամյա Վիգեն Նազարյանը: Օգոստոսի 15-22ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ 87 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթելով իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիին։

Վիգեն, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Արդեն մեկ շաբաթ անցել է այդ օրից, բայց դեռ վառ զգացողություններ ունեմ: Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար, քանի որ իմ երազանքը կատարվեց: Հունիսի 27-29-ը Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչում պարտվեցի ադրբեջանցուն եւ դարձա բրոնզե մեդալակիր: Այդ մեդալից հետո իմ ծրագրերը փոխվեցին. որոշեցի, որ պետք է աշխարհի չեմպիոն դառնամ այս առաջնությունում: Սա իմ երազանքն էր, որին կարողացա հասնել:

Ի՞նչն օգնեց քեզ հասնել այս հաղթանակին: Բարդ տրվե՞ց:

Բրոնզե մեդալն ինձ մղեց ավելի հաստատուն որոշման, ավելի մեծ երազանքի, որ պետք է հաջորդը ոսկե մեդալը լինի եւ հենց աշխարհի առաջնության: Եվրոպայի կիսաեզրափակիչում պարտությունից հետո մի փոքր նեղվել էի: 5 գոտեմարտ անցկացրի եւ բոլորը հաղթանակով: Մի քանիսը բարդ, որոշները՝ հեշտ: Առաջին մրցակիցս Ղրղզստանի ներկայացուցիչ էր, ում հաղթեցի 9:0 հաշվով: Վստահ հաղթանակ էր ինձ համար, որն օգնեց բացվել: Երկրորդ գոտեմարտս եղավ եգիպտացու հետ, որը բարդ ստացվեց: Առաջին մրցափուլում 0:3 պարտվում էի, երկրորդ մրցափուլում 8 միավոր վաստակեցի եւ գոտեմարտն ավարտեցի 8:3 հաշվով: Հաջորդ մրցակիցս ուկրաինացի ըմբիշն էր, ում 2019 թվականին պատանիների աշխարհի առաջնությունում պարտվել էի: Այս գոտեմարտը եւս բարդ ստացվեց, հոգեբանական առումով դժվարությամբ պատրաստվեցի եւ բարձրացա գորգ: Ճիշտ տակտիկայի շնորհիվ առավելության հասա 3:1 հաշվով: Կիսազերափակիչում մրցեցի ղազախ ըմբիշի հետ, որը հաղթել էր Ասիայի առաջնությունում: Դժվար գոտեմարտ ստացվեց: 9:0 հաշվով հաղթեցի ուշադրությանս շնորհիվ: Շատ ուշադիր էի նրա հետ գոտեմարտում, քանի որ ղազախը բավական ուժեղ էր:

Եզրափակիչում հաղթանակի հասար Արմեն Բաբալարյանի չելենջի շնորհիվ: Մանրամասնիր՝ ի՞նչ տեղի ունեցավ:

Պասիվություններով մեկական միավորներ վաստակեցինք ես եւ մրցակիցս: Առաջինը ես նստեցի պարտեր, հետո իրանցին: Երկրորդ մրցափուլում ամեն ինչ անում էի, որ հանկարծ գորգի մրցավարն ինձ եւս մեկ անգամ պարտեր չնստեցնի, մրցակցիս միավոր չտա: Գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ իրանցի ըմբիշը փորձում էր աշխատանքային գոտուց ինձ դուրս հանել, մրցավարը մեկ միավոր ավելացրեց նրա հաշվին՝ գրանցելով ոտքս դուրս: Ես շրջվեցի, որ մարզիչիս հուշեմ բողոքարկման համար տեսա, որ Արմեն Բաբալարյանն արդեն սեղմել է չելենջի կոճակը: Կողային մրցավարները վերանայեցին եւ մեկ միավոր հանեցին իրանցի ըմբիշից: Գոտեմարտն ավարտվեց 1:1: Ես այնքան վստահ էի, որ ոտքս դուրս չէի դրել: Գիտեի, որ բավարարվելու է բողոքարկումը: Մի պահ միայն շփոթվեցի՝ տեսնելով վերջին վայրկյանները: Ինքս ինձ ասում էի՝ ինչպես կարելի է մեկ շնչով անցկացնել ամբողջ գոտեմարտը, միավոր չտալ, պաշտպանվել պարտերում եւ հենց այնպես եւս մեկ միավոր նվիրել մրցակցին: Ոտքս ամբողջությամբ դուրս չէր եկել եւ ես գիտեի, որ մենք ճիշտ ենք լինելու: Փոքր երկիր ենք, մրցավարների կողմից ոչ այդքան սիրված: Առանց Արմեն Բաբալարյանի, նրա ուշադրության, եզրափակիչում չէր լինի այս հաղթանակը:

Վիգեն, պատմիր քո մասին. որքա՞ն ժամանակ ես զբաղվում ըմբշամարտով, ո՞ւմ խորհրդով ես սկսել զբաղվել մարզաձեւով եւ ո՞վ է եղել առաջին մարզիչդ:

Ծնվել եմ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում. այժմ էլ ապրում եմ այստեղ: Սպորտով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից, բայց առաջին քայլերս արել եմ սպորտային մարմնամարզությունում: Մարզիչս Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Հայկ Նազարյանն էր: 4 տարի հաճախելուց հետո, ընկեր Հայկը հասկացավ, որ մարմնամարզությունում ինձ մոտ ոչինչ չի ստացվի, հայրիկիս հետ խոսեց եւ իր ձեռքով ինձ բերեց Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց, մարզիչ   Տիգրան Սահակյանի մոտ: Երբ առաջին անգամ ոտք դրեցի մրցագորգ, մարզիչս չգիտեր, թե ինչ պետք է անի ինձ հետ, ինչպես աշխատի, որովհետեւ մարմնամարզությունն ու ըմբշամարտը շատ տարբեր են: Ինձ այնտեղ սովորեցրել էի ոտքերը ձիգ, այստեղ՝ ծալած: Այդ ժամանակ 10 տարեկան էի: Աստիճանաբար հարմարվեցի ըմբշամարտին: Առաջին հաջողությունս ունեցել եմ 15 տարեկանում Հայաստանի առաջնությունում: 2019 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում դարձա արծաթե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում պարտվեցի այն ուկրաինացուն, ում հաղթեցի Սոֆիայում: Պատանիների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեցի: 2021 թվականին հաղթեցի Հայաստանի առաջնությունում, բայց այդ տարին ինձ համար անհաջող ստացվեց՝ պարտվեցի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Մեկ տարի քրտնաջան մարզումներից եւ աշխատանքից հետո, այս տարի Եվրոպայում ինձ հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել, որն էլ օգնեց աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի ձգտել:

Ո՞վ կամ ի՞նչն է մոտիվացրել քեզ ըմբշամարտում:

Իմ մոտիվացիան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն է: Նրա գոտեմարտերը, տեխնիկան շատ եմ սիրել: Շատ հնարքներ կան, որ նրանից եմ սովորել: Ղրղզ ըմբիշի հետ գոտեմարտում Մաքսիմի հնարքներից մեկն օգտագործեցի: Ինձ միշտ Մաքսիմի համառությունն է դուր եկել: Նա այնքան է մարզվել, համբերել, մինչեւ իր աստղային ժամը գա եւ նա դառնա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ես նրանից վերցրել եմ նաեւ այդ համառությունը:

Ի՞նչ զգացողություններ ունեիր պատվո հարթակին, երբ առաջին անգամ քո պատվին հնչում էր հիմնը, բարձրանում դրոշը:

Շատ տարբեր զգացողություններ ունեի: Ինձ պարգեւատրեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, ինչն ինձ համար մեծ պատիվ էր: Եվրոպայի առաջնությունում պարոն Նազարյանն ասաց՝ «դու շատ ուժեղ ես, բայց դեռ չես հասկանում եւ լիարժեք չես հավատում ինքդ քեզ»: Դարձա չեմպիոն, ասաց՝ «ես ասում էի»: Ես դեռ այս նվաճման գինը չեմ հասկանում: Կյանքիս մեծ երազանքն է եղել աշխարհի չեմպիոն դառնալ, եւ հենց աշխարհի չեմպիոն. ոչ Հայաստանի, ոչ Եվրոպայի:  12 տարեկանում եմ առաջին անգամ սկսել մտածել, երազել աշխարհի չեմպիոնի մասին: Այդ տարիքից, երբ տեսնում էի աշխարհի չեմպիոնի գոտին, այլեւս ուրիշ ոչնչի մասին չէի կարողանում մտածել:

Իսկապես ուրախ եմ, այս հաղթանակի համար: Կանեմ հնարավորը, որ նույն հաջողություններն ունենամ մեծահասակներում:

Հաղթանակիս համար շնորհակալ եմ անձնական մարզիչներիս, հավաքականի մարզիչներին, ընկերներիս, յուրաքանչյուրին, որն օգնեց այս ճանապարհին: Ոսկե մեդալը ցանկանում եմ նվիրել մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր ապրելու համար, մենք էլ պարտավոր ենք Հայաստանի դրոշը բարձրացնել նրանց պատվին: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս