00:40  ,  9 հունիսի, 2022

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Շոտլանդիային (տեսանյութ)

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Գլազգոյում մրցեց Շոտլանդիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։

Առաջին 10 րոպեում Շոտլանդիայի թիմը 3 իրական գոլային պահ ստեղծեց։ Երկու անգամ դրությունը փրկեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, մեկ անգամ էլ՝ ուղղահայաց դարպասաձողը։

28-րդ րոպեին շոտլանդացիները կարողացան բացել խաղի հաշիվը։ Անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Սթյուարտ Արմստրոնգի փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» պաշտպան Էնթոնի Ռալսթոնը։

40-րդ րոպեին անկյունայինից անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինի փոխանցումն արդյունավետ օգտագործեց անգլիական «Նոթինգեմի» պաշտպան Սքոթ Մաքենան։

Ընդմիջմանը Խոակին Կապառոսը երեք փոփոխություն կատարեց։ Հարձակման գծում Սարգիս Ադամյանին փոխարինած Վահան Բիչախչյանը երկու անգամ մոտեցավ մրցակցի դարպասին, սակայն Շոտլանդիայի հզոր պաշտպանությունը ոչ մի հնարավորություն չտվեց։

80-րդ րոպեին դարձյալ սեյվ կատարեց Դավիթ Յուրչենկոն, այնուհետեւ ուղղահայաց դարպասաձողը փրկեց Հայաստանի թիմին երրորդ գոլից։

Վերջին րոպեներին Վահան Բիչախչյանն ու Տիգրան Բարսեղյանը արագ հակագրոհի անցան, սակայն Բարսեղյանի հարվածը թույլ ստացվեց եւ դարպասապահ Քրեյգ Գորդոնը փրկեց դրությունը։

Խադաշտում տեղադրված էր նաեւ Adjarabet-ի վահանակը։

Շոտլանդիայի հավաքականը 1 խաղից հետո 3 միավորով գլխավորեց առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 3 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է Ուկրաինան, որն առաջին խաղում 1։0 հաշվով հաղթեց խմբի հետնապահ Իռլանդիային։

Հունիսի 11-ին Լեհաստանում Հայաստանի հավաքականը երրորդ տուրի հանդիպումը կանցկացնի ուկրաինացիների հետ։

Ազգերի լիգա․ B լիգա, առաջին խումբ, երկրորդ տուր

Շոտլանդիա - Հայաստան՝ 2։0 (տեսանյութ)

Էնթոնի Ռալսթոն, 28, Սքոթ Մաքենա, 40

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Կամո Հովհաննիսյան (Տարոն Ոսկանյան, 46), Հրայր Մկոյան, Արտակ Գրիգորյան (Վբեյմար Անգուլո, 46), Էդուարդ Սպերցյան (Սոլոմոն Ուդո, 71), Տիգրան Բարսեղյան, Խորեն Բայրամյան, Սարգիս Ադամյան (Վահան Բիչախչյան, 46)։

Իռլանդիա - Ուկրաինա՝ 0։1

Վիկտոր Ցիգանկով, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում