11:34  ,  17 հոկտեմբերի, 2012

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ. Մխիթարյանը պետք է հեռանա «Շախտյորից»

Իր ողջ ունակությունը բացահայտելու համար Հենրիխ Մխիթարյանը պետք է տեղափոխվի առաջատար առաջնություններ, հայտարարել է Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Նագորնյակը:

«Կարծում եմ` այսօր Հենրիխն Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: Նա 14 գնդակ է խփել 11 խաղերում, բայց խաղադաշտում նա աշխատում է ոչ թե արդյունավետության, այլ «Շախտյորի» համար: Հենրիխը ծայրահեղ թիմային խաղացող է:

Մխիթարյանն արդեն երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Շախտյորի» կազմում: Անկեղծ ասած, չէի սպասում, որ նա այսպիսի բարձր մակարդակի ֆուտբոլ կցուցադրի: Այստեղ պատճառները մի քանիսն են: Փորձառու մարզիչը նկատեց նրա տաղանդն ու վստահեց նրան: Նա լավ է համագործակցում բրազիլացիների հետ, քանի որ տեխնիկապես լավ է պատրաստված: Ժադսոնի հեռանալուց հետո ազատվեց հարձակողական կիսապաշտպանի դիրքը: Սակայն ամենակարեւորը՝ Մխիթարյանը շատ պահանջկոտ է իր նկատմամբ: Նա անդադար աշխատում է իր վրա եւ յուրաքանչյուր դրվագում պայքարում է մինչեւ վերջին վայրկյանը:

Իր ողջ ունակությունը բացահայտելու համար Հենրիխը պետք է տեղափոխվի առաջատար առաջնություններ: Ընդ որում՝ դա պետք է անել առաջիկա ամռանը:

20 միլիոն եվրոն ամենացածր գումարն է, որի դիմաց «Շախտյորը» բաց կթողնի Մխիթարյանին: Իրական գնորդները պետք է մեծ գումարներ պատրաստեն: Դժվար թե նման քայլի դիմի Լոնդոնի «Արսենալը»: Չնայած լոնդոնցիների խաղաոճը համապատասխանում հայ կիսապաշտպանին»,- Նագորնյակի խոսքը փոխանցում է gazeta.ua-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում