20:32  ,  16 հոկտեմբերի, 2012

Ալոնսոն այլեւս առաջատար չէ

Հարավային Կորեայում անցած կիրակի օրը «Ռեդ Բուլի» առաջատար Սեբաստյան Ֆետելի երրորդ անընդմեջ հաղթանակը նրան նկատելիորեն մոտեցրեց երրորդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն: Հուլիսի 8-ին անգլիական Սիլվերսթոունում տարած հաղթանակից հետո «Ֆերրարիի» առաջին համար, իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն դարձել էր անհատական հաշվարկի միանձնյա առաջատար եւ իր դիրքերը չէր զիջում 6 Գրան Պրի անընդմեջ: Յոնամի մրցուղին, որտեղ Ալոնսոն գրավեց 3-րդ տեղը, բավարար չեղավ, որպեսզի նա պահպանի առաջատարի դիրքերը: Սիվերսթոունից հետո առաջին անգամ Ֆերնանդո Ալոնսոն դառնում է հետապնդող:

Աշխարհի եռակի չեմպիոն Ջեկի Ստյուարտը Յոնամից անմիջապես հետո հայտարարել է, որ Ֆետելի բախտն ուղղակի բերում է, «նա շատ ժամանակ չի ծախսում ինքնագրեր բաժանելու վրա»: Յոնամից անմիջապես հետո BBC-ն արդեն գրեթե հարյուր տոկոս համոզվածությամբ հայտարարել է, որ նոր տիտղոսի պատճառով «Ֆերրարին» 2014-ի Սեբաստյան Ֆետելին տանում է Մարանելո: Նա դառնալու է Ֆերնանդո Ալոնսոյի թիմակիցը: Արդեն հայտնի է, որ Ալոնսոն համաձայնել է թիմակցել Ֆետելին: Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ, բրիտանացի Գերի Անդերսենը կասկածանքով է վերաբերվում Ալոնսոյի 3-րդ տիտղոսի հնարավորություններին: Նա կարծում է, որ վերջին 4 Գրան Պրիներում «Ֆերրարին» արագության բազա չունի, իսկ «Ռեդ Բուլն» ունի Էդրիան Նյուի, որը վերջին տարիներին ստվերել է Միխայել Շումախերի աստղային «կնքահորը»՝ Ռոս Բրաունին: «Ֆերրարիում» այսօր չգիտեն, թե Ալոնսոյի համար որտեղից գտնեն հավելյալ 1 վայրկյան արագություն «Ռեդ Բուլի» հետ մրցակցությանը դիմակայելու համար։ Յոնամում «Ֆերրարիի» երկրորդ համար Ֆիլիպե Մասան 0,2 վայրկյան արագ էր Ֆերնանդոյից: «Ֆերրարիի» բոսը՝ Ստեֆանո Դոմենիկալին, դեռ կարծում է, թե աշխարհի չեմպիոնի համար պայքարն ավարտված չէ: Ինչ-որ իմաստով նա, իհարկե, ճիշտ է, Ալոնսոն Ֆետելից հետ է մնում ընդամենը 6 միավոր: Այսինքն, եթե հոկտեմբերի 28-ին Նյու Դելիի մրցուղում Ալոնսոն հաղթի, իսկ Ֆետելը գրավի 2-րդ տեղը, իսպանացին գերմանացուն կշրջանցի 1 միավորի առավելությամբ: Դոմենիկալին վստահեցրել է, որ Հնդկաստանում «Ֆերրարին» հանդես կգա որոշ նորարարություններով: ««Ֆերրարին» չի հանձնվի, մենք կանենք ամեն ինչ»,-ասել է Ստեֆանո Դոմենիկալին: Իսկ ո՞վ էր կասկածում: Բայց նա գիտի, որ մինչեւ Հնդկաստան «Ռեդ Բուլը» չի քնելու, նրանք նույնպես աշխատելու են: Այնպես որ Յոնամից հետո «Ռեդ Բուլի» ղեկավար Քրիստիան Հորները դեռեւս 7-րդ երկնքում չէ: Նա Նույնպես կարծում է, որ Ֆետելի եւ Ալոնսոյի պայքարն ավարված չէ: ««Ռեդ Բուլն» առայժմ չի մտածում տիտղոսի մասին: Մեր նպատակն է ավտոարշավից ավտոարշավ շարժվել առաջ»,- Յոնամում հայտարարել է Հորները:

Հարավային Կորեայում առավել խեղճացան «Լոտուսի» ֆինն ավտոարշավորդ, 2007-ի աշխարհի չեմպիոն Կիմի Ռայկոնենի շանսերը: Նա Յոնամում գրավեց միայն 5-րդ տեղը եւ առաջատարի հետ միավորների տարբերությունը հասցրեց 48-ի: Հիմա նրան հաջորդ 4 Գրան Պրիներում անհրաժեշտ է երկու հաղթանակ պայմանով, որ երկու Գրան Պրիներում Ֆետելը միավոր չհավաքի, իսկ մյուս երկուսում եզրագիծը հատի Ռայկոնենից հետո: Ալոնսոն նույնպես մեծացրեց իր միավորների առավելությունը Ռայկոնենի հանդեպ: Ֆինն ավտոարշավորդին անհրաժեշտ է, որ հետագա 4 Գրան Պրիներում Ալոնսոն կամ միավորներ չհավաքի, կամ հավաքի «կրճոններ» պայմանով, որ դրանցից առնվազն երկուսում Ռայկոնենը հաղթի: Այնպես չէ, որ Կիմիի ուզածը մեծ բան է: Այսօր նա միակ ավտոարշավորդն է, որ 16 Գրան Պրիներում ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք: Դրանցից միայն Չինաստանում նա միավորներ չի հավաքել զբաղեցնելով 14-րդ տեղը: Իսկ 2007-ին հենց Չինաստանի մրցուղին կոտրեց բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հեգեմոնիան ամբողջ մրցաշարում: Չինաստանը կռեց 2007-ի չեմպիոնին, որը Բրազիլիայում նվաճեց իր միակ տիտղոսը: Յոնամում Ռայկոնենը չեմպիոնության իր շանսերի մասին խոսում էր դատապարտվածի պես. «Հիմա մենք չափազանց շատ միավորներով ենք զիջում Սեբաստյան Ֆետելին, այնպես որ նրան հասնելը դժվար կլինի, բայց կշարունակենք աշխատել ուժերի ամբողջ ներդրումով»:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում