02:56  ,  5 փետրվարի, 2022

Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Միդլսբրոյին», որը ներկայացնում է Չեմպիոնշիփը։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին հյուրերը եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ։

20-րդ րոպեին մանչեսթերյան թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շեղ հարվածեց։

25-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, որն առաջին անգամ աչքի ընկավ «Օլդ Տրաֆորդում»։

64-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Մեթի Քրուկսի գոլի շնորհիվ։

Վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 82-րդ րոպեին։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ Հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց «Միդլսբրոն»՝ 8։7։ «Մանչեսթեր Յունայթեդից» վրիպեց Շվեդիան ներկայացնող 19-ամյա հարձակվող Անտոնի Էլանգան։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո»՝ 1։1, 11մ՝ 7։8  (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 25 - Մեթի Քրուկս, 64

Չիրացրած 11մ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով