14:21  ,  18 հունվարի, 2022

Գագիկ Սարգսյան. Դահուկային սպորտում ունենք 4 օլիմպիական ուղեգիր

Առաջին անգամ դահուկավազքի Հայաստանի առաջնությունն ամենաբարձր վարկանիշային միավորներն էր տալիս: Առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր Պեկին-2022-ի համար: Մեր մարզիկները բարելավեցին իրենց արդյունքները: Առաջիկայում կհայտարարենք, թե ովքեր են մասնակցելու Պեկինի Օլիմպիական խաղերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որն այժմ Իտալիայում է:

Հունվարի 13-15-ը Աշոցքում անցկացվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով հայ դահուկորդները բարելավեցին իրենց վարկանիշային միավորները:

3 մրցատարածություններում տղամարդկանց եւ կանանց պայքարում Հայաստանի չեմպիոններ դարձան Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը:

10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ, արագավազք 1.1 կմ դասական ոճ՝ Միքայելյան Միքայել (Աշոցք)

5 կմ ազատ ոճ, 5 կմ դասական ոճ, արագավազք 1.1 կմ դասական ոճ՝ Գալստյան Կատյա (Աշոցք):

Պարոն Սարգսյան, ամփոփելով Հայաստանի առաջնությունը, գո՞հ եք արդյունքներից:

Արդյունքներից գոհ եմ: Հայաստանի առաջնությունը վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն էր: Առաջնությունը բաց էր, 5 մասնակից ունեինք Ռուսաստանից: Յուրաքանչյուր մրցաշար, որն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացույցում եւ տալիս է վարկանիշային միավորներ, կարող են մասնակցել ցանկացած երկրի մարզիկներ, եթե ունեն միջազգային ֆեդերացիայի արտոնագիր եւ որոնց համար իրենց ազգային ֆեդերացիան հայտ է ներկայացնում: Այդպես նաեւ մեր մարզիկներն են մասնակցում եւ հնարավորություն ստանում բարելավել իրենց վարկանիշային միավորները: Քանի որ ռուսներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցնում Աշոցքում, ցանկություն հայտնեցին մասնակցել Հայաստանի առաջնությանը: Մեր տղաները, ունենալով ուժեղ մրցակիցներ, կարողացան հաղթել եւ մրցանակային տեղեր զբաղեցնել:

Ի՞նչ վարկանիշային միավորներ տվեց առաջնությունը:

Բավական բարձր վարկանիշներ ունեցանք: Առաջին անգամ Հայաստանի առաջնությունում ամենաբարձր վարկանիշային միավորն ենք ունեցել՝ չեմպիոնը 59 միավոր է վաստակել:

Միքայել Միքայելյանն իր վարկանիշային միավորները բարելավեց շնորհիվ այս մրցաշարի:

Սա դեռ Հայաստանի առաջնության առաջին փուլն էր: Երկրորդ փուլը կանցկացնենք փետրվարի վերջին: Այս առաջնությունը նաեւ որոշակի առումով մարզիչների համար ստուգատես էր: Կհասկանան նաեւ՝ ինչ բացեր ունենք, փոփոխությունների, շտկումների ինչ անհրաժեշտություն ունենք, որը կանեն մինչեւ երկրորդ փուլ:

Մասնակցությունն ինչպիսի՞ն էր: Ձեզ գոհացնո՞ւմ է:

Շուրջ 35-40 մասնակից ենք ունեցել: Գրեթե նույնն էր, ինչ նախորդ տարիներին: Շատ ուրախացրեց աղջիկների քանակը: Աղջիկների առումով աճ ունենք, նաեւ որակական աճ է գրանցվել: Ավելի կրտսեր տարիքի աղջիկներ, որոնք նոր են մասնակցության իրավունք ստացել, մրցանակային տեղեր են զբաղեցնում: 35-40 մասնակիցը թվով քիչ է, քանի որ զինծառայությունը ունենում է իր դերը: 16 տարեկանում մարզիկները նոր մասնակցության լիցենզիա են ստանում, որից հետո 18 տարեկանում զորակոչվում են: 99 տոկոսից ավելին բանակից հետո չի վերադառնում: Վերջին շրջանում բանակից վերադարձել է Թադեւոս Պողոսյանը. նա Հայաստանի երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող դահուկորդն է: Միքայել Միքայելյանից հետո երկրորդ համարը նա է:

Պեկինի Օլիմպիական խաղերի քանի՞ ուղեգրի հնարավորություն կա:

Այս պահին ունենք 4 քվոտա՝ երեք դահուկավազքից, մեկը՝ լեռնադահուկային սպորտից: Այդ մասին ավելի մանրամասն կհայտարարեմ ավելի ուշ: Նշեմ, որ Միքայել Միքայելյանի՝ Հայաստանի առաջնությունում վաստակած 59 միավորը նպաստեց, որ իր վարկանիշը բարելավի, ինչը ենթադրում է, որ Օլիմպիական խաղերում իր մեկնարկային դիրքն ավելի լավը կլինի: Սա շատ կարեւոր է դահուկավազքում:

Ի՞նչ առաջընթաց ունենք դահուկավազքում նախորդ տարիների համեմատ:

Նախորդ տարի ունեցանք աննախադեպ արդյունք՝ Միքայել Միքայելյանը մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում գրավեց 8-րդ տեղը: Այժմ նա նախապատրաստվում է փետրվարի 20-26-ը Նորվեգիայում անցկացվելիք մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Փորձելու է այս արդյունքը բարելավել:

Ի՞նչ խնդիրներ ունենք այս պահին դահուկային սպորտում:

Ենթակառուցվածքների լուրջ խնդիր ունենք: Սա, իհարկե, երկարաժամկետ խնդիր է: Ցավոք, մինչեւ այսօր չունենք մեր դահուկուղիները, դահուկները պահելու, մշակելու, պատրաստելու վայրը: Սա մեծ խնդիր է, պետական լուրջ աջակցության խնդիր է: Կարծում եմ՝ ժամանակն է, որ պետությունը մտածի յուրաքանչյուր մարզաձեւի համար մեծ ժամանակակից կենտրոն ունենալ: Սա է միակ ձեւը՝ մարզաձեւերը զարգացնելու եւ լուրջ արդյունքներ գրանցելու համար: Աշոցքում, օրինակ, միայն դահուկավազքի հնարավորություն ունենք: Լեռնահատուկորդները մարզվելու հնարավորություն ունեն միայն Ծաղկաձորում: Վանաձորում ձյուն չի լինում, կրկին գալիս Ծաղկաձորում են մարզվում:

Պարոն Սարգսյան, զրույցի սկզբում նշեցիք, որ Հայաստանի առաջնությունից հետո մեկնել եք Իտալիա եւ մասնակցում եք լեռնադահուկային սպորտի տեխնիկական պատվիրակի որակավորման քննության:

Հայաստանը լեռնադահուկային սպորտից տեխնիկական պատվիրակ չունի: 4 տարի քննությունն եմ հանձնում: Բավական բարդ գործընթաց է: Հասել եմ վերջնագծին: Այս օրերին մասնակցում եմ արագընթաց վայրէջքի միջազգային մրցումների՝ որպես տեխնիկական պատվիրակի ասիստենտ: Մրցումներից հետո հաշվետվություն պետք է ներկայացնեմ, ինձ պետք է գնահատի տեխնիկական պատվիրակը, որից հետո միջազգային ֆեդերացիան որոշում կայացնի՝ ես ստանում եմ տեխնիկական պատվիրակի որակավորում, թե ոչ:

Հայաստանը երբեք լեռնադահուկային սպորտում տեխնիկական պատվիրակ չի ունեցել: Այս որակավորումը մեզ կօգնի ինչպես Օլիմպիական խաղերում, այնպես էլ այլ մրցաշարերում: Իսկապես շատ բարդ է. մի ձեւ, որ Հայաստանը երբեք չի ունեցել՝ արագընթաց վայրէջք, եկել եմ որպես տեխնիկական պատվիրակ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս