Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ 61 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը (տեսանյութ):
Չեմպիոն է հռչակվել Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալակիր՝ Արթուր Չեբորդաեւը (Ռուսաստան), բրոնզե մեդալակիրներ՝ Ասիլ Աիտակինը (Ղազախստան), Նարանխու Նարմանդախը (Մոնղոլիա):
Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը։
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգերլեին, իսկ քառորդ եզրափակիչում ոչ մի շանս չէր տվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաեւին (10:0):
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Աիտակինի նկատմամբ, եզրափակիչում էլ գերլարված պայքարում 11:7 հաշվով հաղթեց ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւին:
Արսեն Հարությունյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում: Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը:
Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ: 2021 թվականի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2 րոպե 16 վայրկյանում նվաճեց բրոնզե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում