15:21  ,  5 նոյեմբերի, 2021

Պաշտոնական․ Չավին հեռացավ «Ալ Սադից» եւ կգլխավորի «Բարսելոնան»

Քաթարի «Ալ Սադը» պաշտոնապես հայտնել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից Չավիի հեռանալու եւ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։

«Ակումբի ղեկավարությունը համաձայնել է Չավիի տեղափոխությանը «Բարսելոնա» պայմանագրով նախատեսված հրաժարագնի վճարումից հետո։ «Բարսելոնայի» հետ պայմանավորվել ենք ապագայում համագործակցելու մասին։ Չավին «Ալ Սադի» պատմության կարեւոր մասն է, եւ մենք նրան մաղթում ենք հաջողություններ»,- նշվում է «Ալ Սադի» հայտարարությունում։

«Բարսելոնան» Քաթարի ակումբին կվճարի 1 միլիոն եվրո Չավիի պայմանագիրը «Ալ Սադի»հետ վաղաժամ խզելու համար։

«Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնում ակումբի եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստի նշանակման մասին կհայտարարի նոյեմբերի 5-ին։

Չավին Բարսելոնա կվերադառնա հանգստյան օրերին, իսկ նրա շնորհանդեսը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կլինի երկուշաբթի կամ երեքշաբթի։ Չավիի նորամուտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։

«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս