01:42  ,  1 նոյեմբերի, 2021

«Ռոման» տանը պարտվեց «Միլանին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Միլանը» Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում մրցեց «Ռոմայի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

26-րդ րոպեին տուգանայինից գերազանց գոլի հեղինակ դարձավ հյուրերի 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ խփելով 150-րդ գոլն Իտալիայի առաջնությունում եւ 400-րդը ազգային լիգաներում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն երկրորդ խաղում անընդմեջ փոխարինվեց ընդմիջմանը։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գանան ներկայացնող հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։

50-րդ րոպեին Իբրահիմովիչը երկրորդ անգամ գրավեց «Ռոմայի» դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։ Գոլը չգրանցվեց։

57-րդ րոպեին «Միլանը» Իբրահիմովիչի նկատմամբ խախտման համար ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն արդյունավետ իրացրեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։

Վերջնամասը հյուրերն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը մեկ գոլ բաց թողեց ավելացված ժամանակում, բայց կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ «Ռոմայից» աչքի ընկավ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին։

«Միլանը» 31 միավորով դարձյալ հավասարվեց առաջատար «Նապոլիին» եւ գոլերի տարբերությամբ երկրորդն է։ «Ռոման» ունի 19 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 1։2 (տեսանյութ)

Ստեֆան Էլ Շաարավի, 90+3 - Զլատան Իբրահիմովիչ, 26, Ֆրանկ Կեսիե, 57, 11մ

Հեռացում՝ Տեո Էրնանդես («Միլան»), 66, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով