14:27  ,  24 հոկտեմբերի, 2021

Կլոպ․ Ֆիրմինոն լավագույն հարձակողական պաշտպանն է, որին ես տեսել եմ իմ կյանում

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումից առաջ գովել է իր ղեկավարած թիմի 30-ամյա բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին։

«Ֆիրմինոն լավագույն հարձակողական պաշտպանն է, որին ես տեսել եմ իմ կյանքում։ Նա շատ կարեւոր խաղացող է մեր թիմի համար։ Նա միշտ հասնում է գնդակին, տակտիկապես շատ խելացի է, կարող է խաղալ նույնիսկ ամենափոքր ազատ տարածությունում։ Նա շատ արագ է ընդունում ճիշտ որոշումներ։

Ֆիրմինոն նաեւ կարողանում է գոլեր խփել։ Մենք շատ ենք ուրախանում, երբ նա մեզ ու իրեն պարգեւում է գոլեր, օրինակ, հեթ-տրիկը «Ուոթֆորդի» դեմ խաղում։ Բոլորն են սիրում թիմում, երբ Բոբին գոլ է խփում, քանի որ նրան քիչ են գովում մնացած աշխատանքի համար, որը նա կատարում է խաղադաշտում։

Բոբիին բոլորն են սիրում։ Ինչպե՞ս նրան չսիրել։ Նա շատ դրական եւ հանգիստ մարդ է։ Նույնիսկ, եթե նա կյանքում լավ մարդ չլիներ, մեր կիսապաշտպանները կսիրեին նրան, քանի որ կատարում է բոլորի աշխատանքը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է dailymail.co.uk-ը։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում