22:02  ,  21 հոկտեմբերի, 2021

Yerevan Open. Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ (ֆոտո)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում ավարտին է մոտենում  շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը:

Հոկտեմբերի 21-ին անցկացվեցին 8-րդ տուրի պարտիաները: Մրցաշարային աղյուսակը  7 միավորով գլխավորում է գրոսմայստեր,  Հնդկաստանի ներկայացուցիչ Պուրանիկ Աբհիմանյուն: 6,5-ական միավորով առաջատարին հետապնդում են գրոսմայստերներ, ուկրաինացի Վիտալի Սիվուկը, հնդիկ Սունիլդուտ Լինա Նարայանան եւ Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը:

Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 5 միավորով 15-րդ տեղում է: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ միջազգային կարգի վարպես Դավիթ Շահինյանը 5,5 միավորով 11-րդն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից միջազգային կարգի վարպետ Աշոտ Նադանյանը, գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը՝ 4,5-ական միավորներ ունեն, իսկ միջազգային կարգի վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը եւ Արմեն Գալաջյանը 4-ական միավորներ:

Մրցաշարին մասնակցում են միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստներ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ։ Գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 11 միլիոն դրամ է։

Yerevan Open-ն անցկացվում է երկու խմբով՝ A եւ B: A խմբի հաղթողը կստանա 2 միլիոն դրամ, երկրոդ տեղը զբաղեցնողը՝ 1 միլիոն 400 հազար դրամ, երրորդ տեղը՝ 1 միլիոն դրամ:

Մինչեւ 23 տարեկանների առաջատարը կստանա 200 հազար դրամ, կանանց պայքարում առաջատարը՝ 200 հազար դրամ, իսկ 50+ տարիքային խմբի առաջատարը՝ 150 հազար դրամ: Դրամական մրցանակներ են նախատեսված նաեւ 4-ից 20-րդ տեղը զբաղեցնողներին. 4-րդ տեղ՝ 700 հազար դրամ, 5-րդ տեղ՝ 500 հազար դրամ, 6-10-րդ տեղ 250 հազարական դրամ, 11-15-րդ տեղ՝ 200 հազարական դրամ եւ 16-20-րդ տեղ՝ 100 հազարական դրամ:

Դրամական մրցանակներ են նախատեսված նաեւ B  խմբի հաղթողներին: Առաջին տեղ՝ 250 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 150 հազար, 3-րդ տեղ՝ 100 հազար, կանանց պայքարում առաջատար՝ 40 հազար դրամ, մինչեւ 10 տարեկաններ՝ 30 հազար, 50+ տարիքային խումբ՝ 40 հազար դրամ:

Նախորդ անգամ Yerevan Open-ն անցկացվել էր 2017 թվականին, որի հաղթող էր դարձել 2015 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Yerevan Open-ի վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Պարտիաները կմեկնարկեն ժամը 11:00-ին: Նույն օրը 18:00-ին տեղի կունենա պարգեւատրման եւ փակման արարողությունը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ