18:03  ,  29 սեպտեմբերի, 2021

Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 եւ Մ23 Եվրոպայի առաջնությունում կանանց մրցաշարում Հայաստանի առաջին մասնակից Միլենա Խաչատրյանը (76 կգ) երկամարտի 220 կգ (99+121) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Մինչեւ 20 տարեկանների 76 կգ քաշայինների պայքարում 19-ամյա Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 91 կգ, ապա 96 կգ: Երրորդ մոտեցման համար Վիգեն Խաչատրյանն ու թիմի մարզիչները պատվիրեցին 99 կգ, որը նույնպես հաջողությամբ պոկեց: Այս վարժությունում Միլենա Խաչատրյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Միլենան պայքարը սկսեց 112 կգ-ով, երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 116 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը դժվարությամբ, բայց կարողացավ հրել 121 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով այս վարժության փոքր բրոնզե մեդալը եւս:

Ոսկե մեդալակիր դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Անդրեեւան (229 կգ), արծաթե մեդալը նվաճեց թուրք Դիլարա Ուչանը (223 կգ):

Ավելի վաղ Հայաստանի թիմը երկու ոսկե մեդալ էր նվաճել ծանրամարտի Մ-20 եւ Մ-23 Եվրոպայի առաջնությունում: Առաջին ոսկե մեդալը նվաճել էր 19-ամյա Գառնիկ Չոլակյանը մինչեւ 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով՝ հետ թողնելով երկու թուրք մրցակիցների: Սեպտեմբերի 27-ին ոսկե մեդալակիր դարձավ նաեւ 18-ամյա Գոռ Սահակյանը (67կգ): Երկամարտի 301 կգ (136+165) արդյունքով Գոռ Սահակյանը նվաճեց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ լավագույն եռյակում հետ թողնելով Թուրքիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում