14:06  ,  28 սեպտեմբերի, 2021

Միլան Միլանովիչ. Հայերը շատ հյուրընկալ ու սիրալիր են

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ, սերբ Միլան Միլանովիչը խոսել է հայկական ակումբը գլխավորելու մասին:

«Ինձ հրավիրել է ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը: Շատ գոհ եմ, որ ժամանել եմ Հայաստան, քանի որ հայերը շատ հյուրընկալ ու սիրալիր են և սիրում են Սերբիան: «Ալաշկերն» ուժեղ թիմ է և վերջին 9 տարում 4 անգամ դարձել է չեմպիոն: Նպատակս լավ արդյունքի հասնելն ու որպես մարզիչ լավ դրսևորվելն է: Շատ հետաքրքիր է, որ մասնակցում ենք Կոնֆերենցիաների լիգային: Առաջին խաղում պարտվել ենք, սակայն առջևում կա 5 հանդիպում: Յուրաքանչյուր միավոր, հաղթանակ ու ոչ ոքի հաջողություն կլինի «Ալաշկերտի» համար: Հուսով եմ, որ Հայաստանի առաջնության վերջնամասում կլինենք լավագույն եռյակում կամ քառյակում»,- ասել է սերբ մասնագետը:

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը տարբեր տարիների գլխավորել է մոլդովական «Շերիֆը», ղազախական «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» ակումբները:

Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետ աշխատել է նաև ղազախական «Իրտիշում»։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում