12:41  ,  25 օգոստոսի, 2021

Խոակին Կապառոսը պատմել է, թե ինչն է իրեն ամենաշատը զարմացրել Հայաստանում

Այդպիսի բարդ իրավիճակում ցանկացած թիմ, ընտանիք, երկիր, երևի, կտապալվեր, իսկ դուք անում էիք ճիշտ հակառակը և ոտքի կանգնում: Այդ մասին Երևանում տեղի ունեցած ասուլիսում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը պատմել է, թե ինչն է իրեն ամենաշատը զարմացրել Հայաստանում: Ասուլիսի սկզբում իսպանացի մասնագետը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը, որտեղ տեղ են գտել 27 ֆուտբոլիստներ:

«Հայաստանի հավաքականի հաջողությունը եղավ այն բանի արդյունքում, որ այս գործընթացին մասնակցող բոլոր մարդիկ մեծ ջանքեր գործադրեցին: Ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիայի աշխատակիցները, ակադեմիաների աշխատակիցներն անում էին առավելագույնը հաջողության հասնելու համար: Եվ դա արվում էր մի իրավիճակում, որը բարդ էր ոչ միայն կորոնավիրուսի համավարակի, այլև պատերազմի պատճառով: Այդ իրավիճակում մենք առավելություն ունեինք մյուս հավաքականների նկատմամբ, քանի որ դաշտ էր դուրս գալիս ոչ թե 11 ֆուտբոլիստ, այլ՝ ամբողջ երկիրը: Երբ պայքարում էինք գնդակի համար, մեր մտքում պահում էինք ամբողջ երկիրը: Դա այն գաղափարն է, որին պետք է միշտ հետևենք: Դա միակ ձևն է հաջողության հասնելու համար: Բոլորի՝ թե կանանց, թե տղամարդկանց համախմբածությունը:

Ինչն ինձ զարմացրեց Հայաստանում՝ մարդիկ: Այդպիսի բարդ իրավիճակում ցանկացած թիմ, ընտանիք, երկիր, երևի, կտապալվեր, իսկ դուք անում էիք ճիշտ հակառակը և ոտքի կանգնում: Դա այն է, ինչն ամենաշատը զարմացրեց ինձ: Այլ երկրներում, նաև՝ Իսպանիայում, մենք բողոքում ենք այլ բաներից, որոնք այնքան էլ կարևոր չեն, իսկ դուք կարողացաք ոտքի կանգնել նման բարդ իրավիճակում»,- նշեց Խոակին Կապառոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օգոստոսի 29-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կսկսի պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա հանդիպումներին:

ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

Հայաստանի հավաքականի կազմը

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»):

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Անդրե Կալիսիր («Սիլկեբորգ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Տիգրան Բարսեղյան («Աստանա»), Դավիթ Դավիդյան («Խիմկի»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան, («Ժիլինա») Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սոլոմոն Ուդո («Ատիրաու»), Էդաուրդ Սպերցյան («Կրասնոդար»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արշակ Կորյան («Օրենբուրգ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»):

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Կարապետյան («Նոա»), Իշխան Գելոյան («Բալտիկա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում