19:58  ,  20 օգոստոսի, 2021

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նվաճեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական չեմպիոնի տիտղոսը` առաջինը հայկական շախմատի պատմության մեջ։

Ռումինիայում անցկացված մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակ ֆիգուրներով մրցեց Էստոնիայի ներկայացուցիչ Մայի Նարվայի հետ եւ առավելության հասավ 40-րդ քայլում։ Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ ոքի։

Էլինա Դանիելյանից կես միավոր հետ մնաց ուկրաինացի Յուլյա Օսմակը, որը քիչ առաջ ոչ ոքի ավարտեց պարտիան վրացի Բելա Խոտենաշվիլիի հետ։

43-ամյա Էլինա Դանիելյանը 2001 թվականին դարձել է արագ շախմատի Եվրոպայի անհատական չեմպիոն, 2003 թվականին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային չեմպիոն, 2011–ի Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը 5-րդն է (7,5), Մարիամ Մկրտչյանը 21-րդն է (6,5), Լիլիթ Մկրտչյանը 34-րդն է (6,5), Սուսաննա Գաբոյանը 60-րդն է (5 միավոր), Մարիա Գեւորգյանը 62-րդն է (5 միավոր), Սիրանուշ Ղուկասյանը 88-րդն է (4)։

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում էին 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում