14:34  ,  10 օգոստոսի, 2021

Մեսին ու ՊՍԺ-ն վերջնական համաձայնության են հասել

Կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսին փոխհամաձայնության է եկել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, տեղեկացնում է L'Equipe-ը:

Արգենտինացի հարձակվողի ինքնաթիռը Փարիզ կժամանի առաջիկա ժամերին: Արգենտինայի հավաքականի ավագը բուժզննում կանցնի ՊՍԺ-ում, ինչից հետո կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Փարիզյան ակումբում 34-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:

Մեսիի հայր Խորխե Մեսին ևս հաստատել է, որ որդին տեղափոխվում է ՊՍԺ:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:

Մեսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում