20:09  ,  4 օգոստոսի, 2021

Կրիստիան Էրիկսենը միացել է «Ինտերին» եւ կվերականգնվի բժիշկների վերահսկողությամբ

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը միացել է իտալական թիմին։ 29-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է թիմակիցների եւ մարզչական շտաբի հետ։ «Ինտերի» կայքը գրում է, որ Էրիկսենը գերազանց ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում է։ Նա վերականգնողական փուլ կանցնի դանիացի բժիշկների վերահսկողությամբ։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ  Էրիկսենը սրտի պաթոլոգիայով չի կարողանա հայտավորվել Իտալիայի առաջնության խաղերին։ Եթե հեռացվի նրա դեֆիբրիլյատորը եւ ապացուցվի, որ նա չունի սրտի պաթոլոգիա, այն ժամանակ կկարողանա վերադառնալ «Ինտերի» խաղերին։

Իտալիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 21–ին։ «Ինտերն» առաջին տուրում կընդունի «Ջենոային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում